Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայ Յեղափոխական Դաշնակցության «դեմքը» համահայկականությունն է. երևույթ, որը բացակայում է ներկայիս կուսակցությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների մոտ»,- ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` ՀՅ Դաշնակցության 120-ամյակին նվիրված գիտաժողովում:
«ՀՅ Դաշնակցությունը` հայ ժողովրդի անկախության համար մղվող պայքարում» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արամ Նազարյանը, Գևորգ Խուդինյանը, Ռուբեն Սահակյանը և ուրիշներ՝ կարևորելով կուսակցության ամենամեծ ձեռքբերումը` հայկական պետականության ստեղծումը:
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն իր ելույթում նշեց, որ ՀՅ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը ջանք ու եռանդ չխնայեց Հայաստանին օգնելու և ոտքի կանգնեցնելու համար: Սակայն ՀՅԴ-ի գործունեության ամենակարևոր խթանը Վլ.Բարխուդարյանը համարում է հայ ժողովրդի ինքնության պահպանումը: Այս առումով, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր կուսակցության գործունեության մասին խոսելիս` «անհրաժեշտ է հաշվի առնել պատմական իստորիզմը»: «Որքան էլ փորձենք քննադատել կամ արժևորել կուսակցությունների անցած ուղին, միևնույն է, դրանք ազգային, պատմական արժեքներ են, որոնք ի հայտ եկան դատարկ հողի վրա: Գիտաժողովի նպատակն է մեկ անգամ ևս հայացք նետել պատմական արժեքներին և ողջունելի է հանգամանքը, որ նման միջոցառումներն անցակվում են գիտնականների մասնակցությամբ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
Գիտաժողովի նպատակներից գլխավորը, իրավական և պատմական միտքը ի մի բերելով, Հայ դատի պատմաիրավական ուսումնասիրություն սկսելն է. գաղտնիք չէ, որ թուրքերն այժմ լուրջ ծրագրեր են մշակում, աշխարհին ներկայացնում իրենց տեսակետը:
«Շատ կարևոր է դասեր քաղել անցյալի պատմությունից»,- կարծում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` կարևորելով գիտաժողովի թեմայի արդիականությունն ու պատմականությունը: Նա արժևորեց նաև ուսանողների մասնակցությունը գիտաժողովին` հետագայում քննարկվող նյութերի ուսումնասիրություն սկսելու համար: Էդիկ Մինասյանի խոսքով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որն ունի ազգային դիմագիծ: