Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ
Երեկ Լեոնիդ Պարֆյոնովը դարձել է Վլադիսլավ Լիստևի անվան հեռուստատեսային մրցանակի առաջին դափնեկիրը, և այդ առիթով ելույթով է հանդես եկել, որը կարող էր ուղղակիորեն առնչվել նաև մեր հեռուստամշակույթի խնդիրներին:
ԵՐԿԻՐ-ը փորձեց ճշտել, հայկական հեռուստաընկերությունների ղեկավարներից, մեկնաբաններից և վերլուծաբաններից Պարֆյոնովի ելույթի վերաբերյալ իրենց կարծիքը, սակայն պարզվեց, որ մեր հեռուստաշուկայի աստղերից որևէ մեկը այդ ելույթը չի տեսել, չի լսել, չի կարդացել բացառությամբ «Հայլուրի» տնօրեն Սամվել Ֆարմանյանի:
Այսպես` «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանն ասաց, որ ինքը չգիտի ինչ է խոսել Պարֆյոնովը, և չի էլ կարող գուշակել, թե «Շանթ»-ում ո՞վ կարող է մեկնաբանել ելույթը, վերջում խորհուրդ տալով դիմել Արտյոմ Երկանյանին: «Կարող ա կարդացած լինի»,- ասաց «Շանթի» տնօրեն Արթուր Եզեկյանը:
Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի մեկնաբան Գևորգ Ալթունյանը նույնպես ոչ կարդացել էր, ոչ էլ տեսել: Միայն ասաց, որ լսել է այդ մասին. «Դե լսել եմ, որ թունդ ելույթ է ունեցել, բայց ավելին չեմ կարող ասել»: Գևորգ Ալթունյանը խոստացավ 2-3 ժամից կարդալ և պատասխանել մեր հարցերին, բայց... խոստացած ժամերին հեռախոսի զանգերին չպատասխանեց:
«Հայլուրի» տնօրեն Սամվել Ֆարմանյանը նախ ասաց, որ տեղյակ է ելույթից և «նորմալ է գնահատում», սակայն ավելին ասել չի կարող, քանի որ տանն է, և ոչ աշխատավայրում, հետո խորհուրդ տվեց դիմել ուրիշին:
Ելույթին ծանոթ չէին նաև «Երկիր Մեդիայի» քաղաքական-լրատվական հաղորդումների բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանն ու «Հ2»-ի մեկնաբան Շավարշ Գևորգյանը:
«Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Գագիկ Մկրտչյանն էլ ծանոթ չէր Պարֆյոնովի ելույթին, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ Հայաստանում չի եղել: Հիշեցնենք, որ Պարֆյոնովը ելույթ է ունեցել Մոսկվայում:
Ինչևէ, մենք ակնկալում էինք, որ մեր գործընկերների հետ կստացվեր անկեղծ զրույց և կկարողանայինք ստանալ մեր հարցի պատասխանը` կա՞ արդյոք Հայաստանում մի հեռուստալրագրող, որ կկարողանար այդ կերպ մտածել և նման ելույթ ունենալ:
Ցավոք, հարցը մնաց մեր մտքում` պատասխանն էլ:
Պարֆյոնովի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ