կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 20:06
Հասարակություն

Հայրենիքի իրական զինվորի տեսլականը՝ հերոսի մտքում. Վրեժ Մարտիրոսյան

Հայրենիքի իրական զինվորի տեսլականը՝ հերոսի մտքում. Վրեժ Մարտիրոսյան

Ծնվել է 2001 թվականի մարտի 20-ին Երևանում:  Ուսումնական առաջին քայլերը կատարել է նախ Երևանի թիվ 191 հիմնական, ապա թիվ 113 միջնակարգ դպրոցներում:

Ինը տարեկանից հաճախել է ֆուտբոլի, ամենամեծ երազանքն էր կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: Հաճախելով «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադպրոց`  հասցնում է զգալի հաջողություններ գրանցել, այդուհետ տեղափոխվում է «Փյունիկ» ակումբի պատանեկան թիմ, որտեղից նրան զորակոչի նախօրեին՝ 2019 թվականին նկատում և ներառում են նորաբաց Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իսկ այստեղից արդեն նրա հետ պայմանագիր է կնքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երիտասարդական թիմը: 2020 թվականի հունիսի 15-ից կամավոր կերպով հրաժարվելով երկարաձգել ակումբի հետ կնքված պայմանագիրը՝ տեղափոխվում է մարտական ծառայություն իրականացնելու Ջրականի զորամասում:

Վրեժը ուսման հադեպ էլ մեծ հետաքրքրություն ուներ, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի դեղագործության բաժինը:

9-րդ դասարանում Վրեժը «Հայրենիքի զինվոր» վերնագրով շարադրություն է գրում, որտեղ մասնավորապես նշում է. «Երբ հայ ընտանիքում տղա է ծնվում, ասել է, թե հայրենիքի ևս մեկ զինվոր է աշխարհ եկել, իսկ եթե դուստր, ապա՝զինվոր ծնող մայր,- շարունակելով միտքը շեշտում է,-  Հայրենիքը հեռվից սիրելը շատ հեշտ է, իրական հայրենասիրությունը սեփական հողդ բարգավաճեցնելն է: Թող, որ լինի այնպես, որ հայրենասիրությունը կյանքի գնով չդրսևորվի: Բայցև կասկած անգամ թող չլինի, որ եթե անգամ նման զոհողության կարիքը  լինի, ոչ ոք չի ընկրկելու»:

Մարտական առաջին հերթապահությունն իրականացնում է զորամաս հասնելուց տասն օր անց: Հարազատների հորդորներին՝ չշտապել և նորմալ զինպատրաստությունից հետո դիրքեր գնալ, պատասխանում է, որ եթե ինքը լավ ֆուտբոլ խաղալու արդյունքում ծառայության մեկ տարին ակումբում է անցկացրել, միևնույն է՝ դիրքեր բարձրացող ոչ մի տղայից լավը չի դառնում, դեռ հակառակը:

2020 թվականի սեպտեմբերի 26-ին հերթական մարտական հերթապահությունից հետո զորամաս իջնելով տեղեկանում է, որ ստացել է կրտսեր սերժանտի կոչում, սակայն տարբերանշանն այդպես էլ համազգեստին ամրացնել չի հասցնում:  Հաջորդ օրը սկսվում է   արյունահեղ պատերազմը, հենց այդ օրը հարազատներին Վրեժը գրում է իր առաջին և վերջին նամակը. «Սա մեր վերջին կռիվն է, ամեն ինչ լավ է լինելու»:

Ծառայության անցնելուց անմիջապես հետո Վրեժը անմնացորդ սիրեց Արցախ աշարհն ու նրա գերբնական հողը: Արցախի մասին արտահայտվելիս ասում էր. «Այդ հողը յուրահատուկ էներգետիկա ունի,- ապա նշում,- Հայոց Արշակ թագավորի և պարսից Շապուհի հայտնի հանդիպման  վայրում  Արշակի ոտքերի տակ հաստատ Արցախից բերված հող է եղել»:

Վրեժի համար  իրական հերոսի կերպար էր Դուշման Վարդանը, մանրամասն ուսումնասիրել էր  հերոսի կենսագրությունն ու նրա անցած մարտական ուղին, իսկ պատերազմի օրերին զինակիցներին միշտ կրկնել է Դուշմանի հայտնի` «Հողը երեխայի նման գրկում է ոտքերդ և խնդրում իրեն մենակ չթողնել» խոսքերը, որոնք նրա համար ուղենիշ էին դարձել այդ օրերին:

Պատերազմի առաջին օրերին Ջրականի համար մղվող մարտերում  արկերի պայթյունից Վրեժը ծանր վնասվածքեր է ստանում, կարճ ժամանակ լինելով Սիսիանի զինվորական հոսպիտալում, իր իսկ նախաձեռնությամբ շատ արագ շարք է վերադառնում, իր ստորաբաժանման հետ մարտնչում Հադրութում: Վերջինիս անկումից հետո Վրեժի ստորաբաժանումը մարտնչում է Կարմիրշուկայի առաջնագծում:

Կարոտի մասին հարազատների հետ խոսելիս նա միշտ ասում էր. «Կարոտում եմ, աշխարհի չափ ձեզ սիրում եմ, բայց ինձ հետ մարտական հերթպահություն իրակացնող ընկերներիս ձեզնից ավելի շատ եմ սիրում»:

Նոյեմբերյան հայտնի զինադադարից հետո Վրեժը մնաց շարքում և շարունակում էր ծառայությունը, բայց չարաբաստիկ և արյունալի պատերազմը թողել էր իր անջնջելի հետքը: Երիտասարդի առողջությունը օր օրի վատանում էր, և օրեր անց  բազում մեծ երազանքներ ունեցող Վրեժը կնքում է իր մահկանացուն, զինակից ընկերներին պատգամ թողնելով.  «Երբեք ու երբեք, մինչև վերջին շունչը չծնկել թշնամու առաջ»:

Մհեր Համբարձումյան