կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 13:50
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննիչներն ու դատախազներն իրենք իրենց դեմ գործ չեն բացելու. որդեկորույս մայր

Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները հակված չեն բացահայտել մեր երեխաների սպանությունների հանգամանքները, քանի որ այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել քրեական գործերով փաստական հանգամանքները կոծկելու, իրեղեն ապացույցները կեղծելու գործերին, շարունակում են պաշտոնավարել՝ որպես քննիչներ ու դատախազներ. Yerkir.amն ասացին այսօր՝ հոկտեմբերի 3-ին ևս, կառավարության շենքի առջև իրենց որդիների՝ ոչ մարտական իրավիճակներում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների քրեական գործերի առկախման դեմ բողոքող սևազգեստ մայրերը:

Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, հիշեցրեց, որ արդեն տասներկու տարի է՝ ինքը պայքարում է, որ բացահայտվի որդու սպանությունը, դիտարկվեն այն վարկածները, որոնց համար իրենք հիմնավոր ապացույցներ ունեն: «Որդուս կասկածելի հանգամանքներում սպանել են Կարճաղբյուրի զորամասում, որտեղ կորպուսի հրամանատարը Հայկազ Բաղմանյանն էր: Մինչև այսօր գործը փակված չէ. նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա:

Գոհար Սարգսյանը հիշեցրեց, որ անփութության վարկածը, որի համաձայն՝ Տիգրան Օհանջանյանը էլեկտրահարվել էր և տեղում մահացել, դատարանում տապալվել է դեռ 2010թ., և գործը հետ՝ քննության է գնացել քննչական մարմիններ: «2010 թվից մինչև այսօր երեք անգամ գործը կասեցրել են, բողոքարկել ենք, վերաբացել են: Այսինքն՝ այն կեղծ մեղադրանքը, որ առաջ է քաշվել դատախազության կողմից, դատարանում տապալվել է, և նախկին իշխանությունները թույլ չեն տվել, որ գործը բացահայտվի: Եթե նախկին իշխանություններն ունեին հակադարձում, թող տային»,- ասաց նա:

Գոհար Սարգսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկուկես տարի առաջ ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին, ասել, որ փորձում է պարզել, թե որ գործով ինչ փուլում են: «Ես, օրինակ, ներկայացրի, որ արդարացման դատավճիռ ունեմ, և իմ երեխու մահվան պատճառը պարզ չէ: Ի՞նչ է նշանակում՝ փակ համակարգում սպանեն զինվորին, և մինչև այսօր ոչ ոք պատասխան չտա: Ասաց՝ եկեք, ես միջնորդեմ, թող քննչական մարմինները վերանայեն գործերը, և եթե հանկարծ զգանք, որ ոչինչ չի արվում, Ազգային անվտանգությունն իմ ենթակայության տակ է, կվերցնենք գործերը, կտանք իրենց: Տարի ու կես է արդեն. մենք արդեն բացահայտ ասել ենք, որ ոչինչ չի արվել, մեր քրեական գործերով ոչ մի առաջընթաց չկա, և չենք էլ կարծում, որ կլինի, որովհետև այն դատախազները, այն քննիչները, որ սարքել են այս քրեական գործերը, որ բացահայտում չեն ունենում, մինչև այսօր աշխատում են այդ համակարգում: Ոչ մի քննիչ իր ձեռքով իր դեմ դատական գործ չի հարուցի: Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ ապացույցները կեղծել են»,- հայտարարեց նա:

Գոհար Սարգսյանը նշեց, որ այն հոսանքալարը, որով, իբր, հոսանքահարվել է իր տղան, չի վերցվել՝ որպես ապացույց. նմանատիպ լար վերցրել են պահեստից: «Շորերը ճղած առգրավել ես, քննություն չես կատարել, հոսա՞նքն ա ճղել. դե ապացուցեք… Դիմել եմ բոլոր պատկան մարմիններին՝ թե՛ նախկին իշխանության, թե՛ ներկայիս: Ոչ մի պատասխան»,- ասաց որդեկորույս մայրը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այս ամենի մասին, իր խմբագրությունում էլ տարիներ շարունակ հոդվածներ են գրվել այս բոլոր ապօրինությունների մասին: «Եթե կարողացել են էդ քրեական գործը սարքել էլեկտրահարում, թող ապացուցեն: Եթե կարողանային, էս տասներկու տարում կապացուցեին, իմ բերանն էլ կփակեին: Այսինքն՝ ինչ ուժեր կան էն քննիչների, դատախազների՝ թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանության թիկունքում, որ չեն կարողանում բացահայտել էս քրեական գործերը. Աղվան Հովսեփյանի, Գևորգ Կոստանյանի, Արթուր Դավթյանի նման դատախազները եթե հսկում են այս գործերը, չեմ կարծում, որ էս գործերը բացահայտում կունենան: Մենք հիմա Փաշինյանի հետ պետք ա դրանց դեմ պայքարենք: Որ էն քննիչը, էն դատախազը, որ կատարել ա ապօրինություն, կեղծել ապացույցներ, կոծկել փաստական հանգամանքները, առաջին հերթին դրանց բերեք պատասխանատվության ենթարկեք. տեսեք՝ ո՛նց հերթականությամբ կասեն, թե ինչ է կատարվել, ո՛ր քրեական գործով ի՛նչ հանցագործություն է կատարվել»,- ասաց Գոհար Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: