Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դպրոցն առավոտյան թնդաց շնորհավորանքներից»,-ասում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը:
Առավոտյան տողանի ժամանակ Վովկայի` մանկական Եվրատեսիլում հաղթելու կապակցությամբ իրար շնորհավորելուց հետո են աշակերտները սկսել դասերը: Իսկ դպրոցի 8-գ դասարանում, որտեղ Վովան սովորում է, մի ուրիշ ցնծություն է` բոլորի աչքերը փայլում են ուրախությունից, երբ սկսում են պատմել հաջողության հասած դասընկերոջ ելույթի և հաղթանակի մասին: Բոլորը միաձայն ասում են, որ մինչև ուշ գիշեր հետևել են Վովկայի ելույթին ու սպասել մինչև արդյունքների ամփոփումը:
Չարաճճի, շարժուն, ինչպես դպրոցի տնօրենն է ասում` սնդիկ Վովային բոլորը սիրում են, քանի որ շատ բարի ու աշխույժ տղա է: Վովայի կողքին նստող աղջիկը նույնպես փաստում է, որ շատ չարաճճի է, էներգիայով լի այնքան, որ դասի ժամանակ երկար չի կարողանում սուս ու փուս տեղը նստել, մեկ-մեկ էլ փորձում է իրեն խոսցնել ու խանգարել: «Նրա էներգիան շատ է, բայց անգլերեն դասին, կարծես թե, էներգիան վերջանում է»,- խոստովանում է տղաներից մեկը, ու հիմնավորում, որ անգլերենի ուսուցչուհին մի քիչ ավելի խիստ է, ու չարություն անելն այնքան էլ հեշտ չէ այդ դասին:
Իսկ անգլերենի ուսուցչուհին զարմանքով ընդունելով տղայի խոստովանությունը, շարունակում է խոսել Վովայի հաջողություններին մասին` նշելով, որ դասարանը տաղանդավոր երեխաներ շատ ունի. մի քանիսը երգում են` Ադրինեն, Լիդիան, իսկ Դավիթն էլ կարատեով է զբաղվում ու արդեն հաջողությունների է հասել մրցույթներում:
Վովկան դասարանի տղաներից Աշոտի ու Արամի հետ է մտերմություն անում: Աշոտն ասում է, որ նա շատ լավ ընկեր է` ամեն ինչում օգնում է իրեն։
Սիրած աղջիկը, ում մասին Վովան պատմում է իր` արդեն աշխարհով մեկ հայտնի «Մամա» երգում, պարզվում է՝ դասարանից չէ: Սա խոստովանեցին դասարանի մի քանի աղջիկ, սակայն այդպես էլ չասացին, թե ով է այդ աղջնակը, ում պարզվում է դասարանում մի քանի հոգի լավ ճանաչում են:
Ինչևէ, դա այդքան էլ կարևոր չէ, հատկապես, որ Վովան «Եվրատեսիլից» հետո սեր է խոստովանել նաև Սերբիան ներկայացնող աղջնակին ու նույնիսկ հրավիրել Արցախ: Այս առիթով Արցախում կատակում են արդեն ասելով` Սերբիայից հարս ենք ունենալու:
Դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը նույնպես ուրախությամբ է խոսում Վովայի և դպրոցի շրջանավարտ Աշոտ Դանիելյանի մասին, ով վերջերս սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումն է նվաճել: «Սկզբից Վովկայի մարզական հաջողություններով էինք ուրախանում, կարատե էր պարապում, իսկ հետո տեսանք, որ նա նաև երգում է: Առաջին երգը, որով դպրոցում հանդես է եկել` «Գետաշեն»-ն էր, իսկ հետո նա սկսեց երգել նաև` «Մեր Հայաստանում ծիրան է հասնում»... և սկսվեցին հաղթանակները, մրցույթները, ու Վովկան դարձավ Վլադիմիր Արզումանյան»,- պատմում է տիկին Դադայանը:
«Ինչ բարձունքների էլ հասնի Վովկան` միևնույն է, նա մնալու է մեր դասարանի նույն Վովկան»,- խոստովանում են համադասարանցիները, ովքեր արդեն մտածում են ինչպես դիմավորել նրան: Մտադիր են դա անել Շուշիում:
Իսկ դպրոցի ղեկավարությունն էլ իր հերթին է ծրագիր մշակվում, և շուտով դպրոցում մեծ միջոցառում կկազմակերպվի Վովայի և Աշոտի ձեռքբերումների պատվին:
Անահիտ Դանիելյան