կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-20 03:42
Մշակույթ

«Ուդին լռեց, նստեց իր տեղը»

«Ուդին լռեց, նստեց իր տեղը»

   «Շատ մեծ հաղթանակ է սա մեզ համար: Մեր հայտը կոչվում էր «Խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը. հայկական խաչքարեր»,- yerkir.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության աշխատակից Երանուհի Մարգարյանը, «հայտը անձամբ ես էի պատրաստել մեկ տարվա ընթացքում : Շատ եմ չարչարվել, բայց գիտեի` գալու է այն պահը, երբ հայկական  հայտը կընդունվի»:

Թուրքերն ու ադրբեջանցիները բոյկոտել են հայկական հայտի ձևակերպումը: «Ասում էին` թող լինի «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը,- շարունակում է Երանուհի Մարգարյանը,- իսկ դա  կնշանակեր, որ խաչքարը կարող է ունենալ նաև ոչ հայկական ծագում: Մենք  չփոխեցինք մեր դիրքորոշումը»:  Արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչը  իր երկրում բնակվող ուդիներից մեկին անմիջապես բերել է տվել Քենիա, որ ամբիոնից հայտարարի` իրենք էլ ունեն խաչածածկ հուշարձաններ: «Չէինք պատկերացնում, որ Ադրբեջանը այդպիսի քայլի կդիմի: Մենք այստեղից տեղեկացրինք նստաշրջանի հայ ներկայացուցչին, թե ինչպես պետք է հերքի ուդիին. «Այո, դուք ունեք այդ մշակույթը, որովհետև 5-րդ դարից Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք: Հայ ազգային-ազատագրական պայքարի կարկառուն ներկայացուցիչներ Դանիել Բեկ-Փիրումյանն ու գեներալ Սիլիկյանն էլ են արմատներով ուդիներ եղել, բայց իրենց հայ են համարել»: Այդ պատասխանին ադրբեջանցիները ոչինչ չեն կարողացել հակադրել։

Երանուհի Մարգարյանը ծիծաղելով է հիշում, թե ինչպես երկու գիշեր նախարարությունում քնեց. «Քենիայում համացանցը լավ չէր աշխատում: Մեր ներկայացուցիչը չէր կարողանում ստանալ այն նյութերը, որ այստեղից ուղարկում էինք: Ստիպված sms-ներով էի փոխանցում»։

Նստաշրջանի ժամանակ պարսիկները, Երանուհի Մարգարյանի խոսքերով, ջախջախել են Ադրբեջանի ներկայացրած «Ադրբեջանական կարպետ» հայտը: «Ընդունվեց հայտը, բայց մի խայտառակ վերնագրով, որ ավելի լավ կլիներ չընդունվեր: Փոխված վերնագիրն  էր «Ադրբեջանի Հանրապետությունում գործվող կարպետ», այսինքն` միայն այն կարպետը, որ գործվում է Ադրբեջանի տարածքում և երկրի սահմաններից դուրս նրանցը չէ»:

           Հ.Գ. Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանում քննարկվել է100 հայտ 29 պետություններից: Ընդունվել է 40-ը:

Մ.Մադաթյան