Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերգեյ. Նարեկը քայլում էր Բրյուսովի մոտով 200... ո՞ր թիվն էր: Աշուն էր:
Նարեկ. Չէ, աշուն չէր, ես հստակ հիշում եմ էդ օրը: Առաջ էլ էինք տեսել իրար, բայց մեր ծանոթանալու ամսաթիվը հստակ հիշում եմ, որովհետեւ Ջոն Լենոնի մահվան տարելիցն էր:
Սերգեյ. Դեկտեմբերի 8-ին:
Նարեկ. Այ հենց էդ օրն ենք ծանոթացել:
Սերգեյ.Մի քանի հոգով միջոցառում էինք կազմակերպել Բրյուսովում: Նարեկը մտավ, ինչ-որ բան նվագեց, ծանոթացանք, ու դրանից հետո անբաժան ենք: ... Նարեկը տատանվում էր երաժշտական ու հումորային կարիերան ընտրելու շուրջ: Կարծում եմ, ինձ հաջողվեց բերել նրան իրականության աշխարհ:
Նարեկ. Իրականում հիշում եմ... Մենք ընդհանուր բաներ շատ ունենք: Երկուսս էլ գնահատում էինք «Սիմփսոններ» մուլտսերիալը, որը մեզ մոտ ցույց չէին տալիս, հայթայթում էինք, նայում: Հետո մի անգամ նայեցինք ամերիկացի հումորիստ Ջորջ Քալինի համերգներից մեկnնու հասկացանք, որ նույն ձեւով ենք մտածում:
Սերգեյ. Հա, Ջորջ Քալինը ժամանակի հեղափոխական դեմքերից էր ու ազատ խոսելու համար այնքան էլ չէր ընդունվում: Իրեն ձերբարակել էլ են մի անգամ` հանրային կարգը խախտելու համար:
Նարեկ. Ինքը մի հատ սկեթչ ունի, ասում է կա յոթ բառ, որը չի կարելի հեռուսատատեսությամբ բարձրաձայնել ու ասում է էդ բառերը:
-Իսկ դուք հակումներ ունե՞ք հանրային կարգը խախտելու:
Սերգեյ. Չէ~, չէ´:
Նարեկ. Ախր բանն այն է, որ մենք չենք գտնում, թե դա հասարակական կարգի խախտում է: Որովհետեւ էդ մարդիկ հատուկ եկել են հենց դա լսելու համար եւ նա հենց դա էլ ասում է:
Եթե դու գիք ես ու կյանքդ անցնում է ինտերնետում, հաստատ ճանաչում ես Armcomedy-ի տղաներին ու կարեւոր էլ չէ` սիրում ես նրանց, թե` ոչ: Նրանք արդեն իսկ ունեն իրենց տերը ցանցում ապրողների ժամանցը կազմակերպելու համար: Նարեկի ու Սերգեյի հետ զրույցի ժամանակ տեղ-տեղ չես հասկանում` լուրջ են, թե` հումոր են անում, բայց մի բան հաստատ զգում ես` հաճելի է շփվել ոչ տափակ, անհամ հումուրով ու կարեւորը` զարգացած մարդկանց հետ:
-Ձեզ շատերը սկսեցին ճանաչել հենց Facebook-ում: Իսկապե՞ս այն հարմար հարթակ է ճանաչված դառնալու համար:
Սերգեյ. Facebook-ը հեշտացրեց գտնել մարդկանց, ում հետաքրքիր է այն, ինչով զբաղվում ենք մենք, այսինքն` թիրախային խմբերին: Առանց Facebook-ի էլ մենք կկարողանայինք գտնել նրանց, բայց դա կպահանջեր մարդկային, ֆինանսականական եւ ժամանակային ավելի մեծ ռեսուրսներ: Իսկ Facebook-ի շնորհիվ մենք մոտ մեկ տարում «ընկերացանք» մարդկանց հետ, ում համար գրում ենք:
Նարեկ. Facebook-ը շատ հարմար պլատֆորմ է միջոցառումներ կազմակերպելու համար: Նախ պատկերացում ես ունենում, թե որքանով է էդ միջոցառումը աննախադեպ ու պահանջված: Հետո էլ` ընթերցողներն ասում են, թե ինչն է ավելի լավ անցնում, ինչն` ավելի վատ: Մի խոսքով` ոնց որ խմբագիր լինի:
-Օրինակ` Comedy Night-ը: Ե՞րբ սկսեցիք այդ նախագիծը:
Նարեկ. Էն ժամանակ, երբ մենք սկսեցինք, Facebook-ն այդքան ակտուալ չէր: Բացի մեզնից` մի հազար հոգի հայ կար ու իրենց 7 տոկոսն էր էստեղ ապրում: Բայց գնալով մարդկանց քանակը շատացավ:
Comedy Night-ը շատ ավելի շուտ է եղել, քան բլոգը` Armcomedy-ն: Առաջինը եղել է մեր ընկերների համար` 2006 թվին մեր տանը, հետո 2007-ին արդեն «Ստոպ» ակումբում:
-Միգուցե կոռեկտ չէ, բայց ասեմ: Ընկերներիցս մեկը պատմում էր, որ «Facebook-յան փարթիներից» առաջինի ժամանակ ձեր ելույթը ձանձրալի էր, ու դեռ այնքան էլ լավը չէիք:
Սերգեյ. Շատ ծիծաղելի դեպք էր դա: Ոչ մի բան չէր լսվում: Էն, ինչ որ պատրաստվում էինք անել էդ վայրումտեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս: Սխալ էինք հաշվարկել: Դրա համար էլ մենք մեր ելույթները շարունակեցինք հարմարեցված ակումբներում, որտեղ մարդիկ գալիս են մեզ լսելու, ոչ թե այդ աղմուկը: Իրենք ուղղակի մեր հանդիսատեսը չէին:
-Comedy Night-ը միայն անգլերեն է, չէ՞: Եվ անգլերենով ու ռուսերենով էլ եք գրառումներ անում, ինչու՞:
Սերգեյ. Հաշվի առնելով, որ մեր լսարանը հիմնականում հայախոսներ են, ավելի շատ հայերեն ենք գրում, բայց կան նաեւ անգլերենով եւ ռուսերենով գրված նյութեր, որոնք ավելի հետաքրքրում են միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, դրանք Հայաստանի համար ակտուալ չեն:
Նարեկ. Մեկ-մեկ նյութն ինքն է պարտադրում լեզուն. օրինակ, սկեթչ կա, որ բացի ռուսերենից կամ անգլերենից ուրիշ լեզվով հնարավոր չէ անել:
-Ի՞նչ հաճախանությամբ եք կազմակերպում Comedy Night-ը:
Սերգեյ. Կախված է ժամանակ ունենալուց: Մոտավորպես տարին երեք անգամ:
-Կա՞ որեւէ քաղաքական ուժ կամ հասարակական հոսանք, որին համակրում եք, հետեւում եք: Հաճախ ձեզ այս կամ այն կուսակցության կողմնակից են համարում:
Սերգեյ. Մենք քաղաքական առումով համակրում ենք բանականությանն ու ողջամտությանը: Եվ եթե քաղաքական ուժը դառնում է հիմարության զոհ, նույնը արտացոլվում է նաեւ մեզ մոտ: Դա բավականին հեշտ կարելի է տեսնել: Մեր հոդվածում հայտնվելը կախված է քաղաքական ուժի վարքից եւ ոչ թե մեր ադեկվատությունից:
Կարող է թվալ, թե ամեն ինչ համակարգված ու լավ մտածված է, բայց իրականում մենք խմում ենք գարեջուր, շաբաթ-կիրակին քաղաքից դուրս ենք գնում, ժամանակ է լինում` իրար վրա ջաղայնանում ենք, որ բլոգում նոր բան չենք դնում: Եվ մեր շատ ուրիշ հարցերով զբաղված լինելու պատճառով բավական ակտուալ հարցեր դուրս են մնում:
Նարեկ. Մենք քաղաքական դաշտի բոլոր դերակատարների մասին եւ բացասական, եւ դրական գրում ենք: Չենք անդրադառնում միայն այն քիչ հայտնի փոքր կուսակցություններին, որոնք թղթի վրա են գրանցված ու իրականում գոյություն չունեն:
-Իսկ Ձեր հոդվածներին արձագանքու՞մ են քաղաքական ուժերը, որոնց մասին գրում եք:
Սերգեյ. Արձագանքներ ստանում ենք: Բայց, կարծում եմ, որ դրանք ավելի շատ են, քան հասնում է մեզ: Ինչ-որ բաներ իմանում ենք:
-Ձեր գրառումները լրատվական ժանրով են, արդյո՞ք ծաղրը նաեւ լրատվամիջոցներին չէ ուղղված:
Սերգեյ. Դե... Մեր լրատվամիջոցներով երբեմն արհեստականորեն ձանձրալի է դարձվում իրականությունը, մենք ընդամենը փորձում ենք այդ ձանձրալի շերտը հանել ու ցույց տալ, թե ինչքան հետաքրքիր է նորությունների աշխարհը: Մենք ավելի շատ վերլուծական մոտեցման կողմնակիցն ենք: Փորձում ենք երեւույթը մի քանի անկյունից ցույց տալ, որ կյանքն այդքան միապաղաղ չլինի:
Նարեկ. Եթե մարդը երկու շաբաթ հրապարակավ հաց չի ուտում եւ հեռուստատեսությամբ նրա խոսքից ցույց է տրվում միայն այն հատվածը, որտեղ խոսում է, թե ֆուտբոլն ինչ հաշվով կավարտվի, ես կարծում եմ, շատ ծիծաղելի է:
Մենք փորձում ենք ուղերձն այնպես կառուցել, որ պատկերն ամբողջական դառնա: Մենք կարող ենք դնել հումոր եւ հորինված պատկերներ` բացահայտելու համար այդ մեծ պատկերը` ինչ է մարդը նկատի ունեցել եւ ինչ պայմաններում է եղել:
-Որքան գիտեմ, պատրաստվում եք հեռուստահաղորդում պատրաստել, չէ՞:
Նարեկ. Մենք ուզում ենք սկեթչ նկարել, առայժմ չի հերիքում գումարը, բայց...
Սերգեյ. Ես ցանկանում եմ օգտագործել այս առիթը եւ ընթերցողներին հիշեցնել այս թվերը` 003018512046` մեր HSBC բանկային հաշիվն է:
Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ