| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ռոք աստղերը ֆիլմերի համար երաժշտություն չեն գրում: Ֆիլմի համար ես իմ առաջին երգը գրեցի ընկերության համար (խոսքը իր եւ Էմիր Կուստուրիցայի ընկերության մասին է)»,- այսօր իր համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռոք երաժիշտ Գորան Բրեգովիչը, ով հանդիսատեսին հայտնի է իր` ֆիլմերի համար գրված երգերով:
«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Բրեգովիչը եւ իր «Հարսանիքների եւ թաղման նվագախումբը» այսօր հայ հանդիսատեսին են ներկայանալու «Ալկոհոլ» համերգային ծրագրով:
Բրեգովիչը սկզբում հումորով է նրանց անվանել «Հարսանիքի եւ թաղման նվագախումբ», քանի որ մինչ իրեն միանալը նրանք թաղումների ու հարսանիքների ժամանակ էին նվագել ու մասնագիտացել էին այդպիսի երաժշտություն նվագելու մեջ: Սերբերը մի սովորույթ ունեն, երբ թաղումից հետո հավաքվում են մահացածի տանը եւ երգում նրա սիրած երգը: Ու պատահում է, որ ուրախ երգեր էլ են երգում:
Վերջին տարիներին վաճառվել է Բրեգովիչի հինգ միլիոն ձայնասկավառակ, թեեւ երաժիշտը հեռուստատեսությամբ, երաժշտական ալիքներով հաճախակի չի երեւում. «Միամիտ մարդուն կթվա, թե աշխարհն այնպիսին է, ինչպիսին հեռուստատեսությամբ է երեւում: Այնինչ աշխարհի տարբեր անկյուններում այնպիսի գեղեցիկ երաժշտություններ կան, որոնք հեռու են MTV-ից»:
Գորան Բրեգովիչին չի մտահոգում նաեւ այն, թե իր երաժշտությունը կարող են գողանալ կամ նմանակել իրեն: Չէ, որ նմանակումները բոլոր ժամանակներում էլ եղել են: Միգուցե Հայաստանից ստացված տպավորություններն էլ մի օր երգի միջոցով կարտահայտի Բրեգովիչը, բայց դա, հավանաբար, կլինի տարիներ անց. «Եթե դեմ չեք, ես կգողանամ այստեղից, բայց այն հետագայում կերեւա»: