կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 11:54
Քաղաքական

Նյուտոնի օրենքն էլ Հայաստանում չեն հայտնաբերել, բայց այն գործում է նաև Հայաստանում

Նյուտոնի օրենքն էլ Հայաստանում չեն հայտնաբերել, բայց այն գործում է նաև Հայաստանում

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց բարեփոխված Սահմանադրության ընձեռած այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկրի կառավարումն ավելի արդյունավետ դարձնել, ինչի արդյունքում որևէ բան միակենտրոն չի լինի: Նրա խոսքով`առաջին անգամ է, որ Հայաստանում ներդրվում է մի համակարգ, որն օդից չի վերցված:

«Ամբողջ փորձագիտական կազմը, Վենետիկի հանձնաժողովը լավագույն, դրական գնահատականներն են տալիս, որովհետև ասում են, որ կարողացել ենք ինտեգրել ամբողջ եվրոպական պառլամենտարիզմը, որ գոյություն ունի: Եվրոպական միության 28 երկրներից 19-ը խորհրդարանական են: Դա հո պատահակա՞ն չէ: Մենք Գերմանիայի փորձն ենք վերցրել, եվրոպական մի շարք երկրների, մերձբալթյան երկրների: Մի մեխանիզմ է ներդրվում, որն առաջին անգամ է լինելու մեր անկախությունից հետո Հայաստանում»,- ասաց ՀՅԴ-ականը` համոզմունք հայտնելով, որ այս ամենը չի կարող վատ արդյունք տալ, քանի որ փորձարկված է աշխարհում:

«Ի՞նչ է, այս կառավարման ձևն այլ տեղում են ստեղծել, ուրեմն Հայաստանում չի՞ կարող գործել: Նյուտոնի օրենքն էլ Հայաստանում չեն հայտնաբերել, բայց այն գործում է նաև Հայաստանում»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` նոր Սահմանադրությամբ վարչապետն ամբողջությամբ հաշվետու է, միշտ պարտավոր է իր տեղը «պնդացնելու» համար հիմնավորել իր վարած քաղաքականությունը, իր ծրագիրը և այդ ամենով ներկայանալ հանրությանը: «ԱԺ ներկայանալ, դա նշանակում է նաև հրապարակային ներկայանալ: Այսօրվա պառլամենտում այն հարցերը, որոնք հրապարակային քննարկման են ենթարկվել, ավելի հեշտ լուծում են ստացել, քան թե այն պարագայում, եթե դրանք չմտնեին պառլամենտ: Ես գիտեմ օրենքների ցանկ, որոնք բերվել են ու հետ ուղարկվել, որովհետև այնքան խայտառակ սխալներ են եղել, որ հրապարակային քննարկման ժամանակ բացահայտվել են: Քննարկում է եղել, որ մարդուն ուզում էին բռնել, օրինակ` Վարդան Օսկանյանին: Եթե քննարկումը բաց կամ հրապարակային չլիներ, Վարդան Օսկանյանը միանշանակ այսօր կալանավորված կլիներ` իր գույքով ու ամեն ինչով: Բաց քննարկումը փոխեց վիճակը»,- ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ երբ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, դրանում քիչ դեր չխաղացին պառլամենտում նրա անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ քննարկումները: «Կարծում եք` դա դեր չի՞ ունեցել, ո՞նց կարող է դեր չունենալ: Ոնց էլ լինի, խորհրդարանական համակարգի ժամանակ կլինեն պատգամավորներ, որ կասեն` էս, էս բաներն արել ես, արի, պատասխան տուր: Իսկ նախագահին չես կարող կանչել: Բոլորվին ուրիշ երկիր կդառնա, չէ՞: Բոլորովին այլ քննարկում կառաջանա: Հրապարակայնությունն ինքնին շատ լուրջ փոփոխություն է բերում կառավարման պրոցեսի մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: