կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-30 16:32
Մշակույթ

Գորան Բրեգովիչը Հայաստանում համերգ կտա իր՝ «Հարսանիքի և թաղման նվագախմբով»

Գորան Բրեգովիչը Հայաստանում համերգ կտա իր՝ «Հարսանիքի և թաղման նվագախմբով»

Ապրիլի 16-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա հանրահայտ սերբ կոմպոզիտոր, կիթառահար և դիրիժոր Գորան Բրեգովիչը: Համերգը կազմակերպել է «Մեցցո»-ն:

Հիշեցնենք, որ Բրեգովիչը Հայաստանում բացառիկ համերգով էր հանդես եկել դեռ 2010-ի նոյեմբեր ամսին՝ «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրեգովիչը պարզաբանել էր, թե ինչու են կատակով իր նվագախումբն անվանում «Հարսանիքի և թաղման նվագախումբ»: «Սերբերն ավանդույթ ունեն թաղումից հետո հոգեհաց տալ: Արարողության ընթացքում երաժիշտները նվագում են այն երաժշտությունը, որը սիրում էր հանգուցյալը, և  շատ հնարավոր է` ուրախ երաժշտություն հնչի: Այդ պատճառով երկու առիթների ժամանակ էլ նույն մարդիկ են նվագում: Իմ նվագախումբն էլ մինչև ինձ հետ համագործակցելը նման առիթների ժամանակ է նվագել»,- ասել է նա:

Ասուլիսի ժամանակ Բրեգովիչը նշել էր նաև, որ Հայաստան գալուց առաջ հայկական ֆոլկլորային ստեղծագործություններ է լսել, որոնք շատ է հավանել. «Եթե դեմ չեք ու եթե ստացվի, ինչ-որ բան «կգողանամ» Հայաստանից: Արդյունքը հետո կտեսնենք»:

Բրեգովիչը Էմիր Կուստուրիցայի հանրահայտ «Սպիտակ կատու, սեւ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» և մի շարք այլ ֆիլմերի երաժշտության հեղինակն է: