Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում
Այս հարցը, թերևս, ամենահաճախ հնչող հարցն է վերջին երկու տարիների ընթացքում. մարդիկ փորձում են հասկանալ, կա՞ արդյոք հնարավորություն շտկել իրավիճակը և խուսափել նոր, ավելի աղետալի պատերազմից: Կարող է՞ արդյոք այս իշխանությունը ապահովել Հայկական շահի պաշտպանություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել. վերցնել ռազմավարական ՊԱՈՒԶԱ, ԴԱԴԱՐ, չստորագրել որևէ վերջնական փաստաթուղթ:
Նման իրավիճակներում պետությունները գնում են իշխանափոխության, ինչպես դա արեց ադրբեջանը 90-ականներին և կարողացավ կասեցնել «ադրբեջան» պետության վերջնական կազմաքանդումը, իսկ երկարաժամկետ կտրվածքով լուծել իր խնդիրը:
Հայաստանում իշխանափոխությունը.
1. Կչեղարկի այս իշխանության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, դրանից առաջ և հետո ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածությունները և դրանից բխող պարտավորությունները:
Ալիևը երեկ հստակ ասաց, որ Փաշինյանը խոստացել է միջանցք և ադրբեջանական քարտեզներով սահմանների դեմարկացիա:
2. Կլուծի ներքին պառակտվածության վիճակը, կմեղմի և կվերացնի ատելությունն ու անհանդուժողականությունը՝ հնարավորություն տալով ձևավորել համահայկական ներուժի համընդհանուր կոնսոլիդացիա;
3. Հնարավորություն կտա ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը՝ լինելով վերկուսակցական և տեխնոկրատ, իրավունք կունենա հրաժարվել որևէ փաստաթղթի ստորագրումից՝ հիմնվելով ժողովրդի կողմից համապատասխան մանդատի բացակայության փաստի վրա, ինչը ՉԻ ԿԱՐՈՂ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ համաշխարհային ուժային կենտրոնների կողմից;
4. Ժամանակավոր կառավարությունը, ձերբազատված լինելով նախկինում ձեռք բերված պարտավորություններից, կկարողանա հստակ ձևակերպել ՀՀ ազգային և պետական շահերը և այդ շահերի տիրույթում գտնել արտաքին իրական դաշնակիցներին;
5. Իրական դաշնակիցների հետ միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանավորվածությունների հիմքի վրա իրականացնել ՀՀ զինված ուժերի վերակազմակերպման, վերազինման ու արդիականացման ծրագիր, ինչը հնարավոր է իրականացնել շատ սեղմ ժամկետներում;
6. Եվ վերջապես, հույս ու հավատ կբերի Հայկական պետականության ապագայի նկատմամբ ինչպես աշխարհի բոլոր հայերի, այնպես էլ պոտենցիալ դաշնակիցների համար:
Հաջորդ հարցը, որ կառաջանա Հայ մտածող մարդու մոտ, այն է, իսկ ադրբեջանը, իր պահանջները չկատարելու դեպքում, նոր պատերազմ չի՞ սկսի:
Սրա պատասխանը շատ պարզ է. ադրբեջանն այսօր արդեն պատերազմում է Հայաստանի ու Հայ ժողովրդի դեմ և նոր պատերազմից վախենալը ուղղակի ջայլամություն է:
Պատերազմից խուսափելու ՄԻԱԿ տարբերակը իշխանափոխությունն է, ինչը կարող է զրկել ադրբեջանին նոր պատերազմ սկսելու միջազգային թույլտվությունից՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի և նոր իշխանության հետ բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հնարավորությունների առկայությամբ, իսկ ժամանակավոր իշխանության դեմ, որը չի ստանձնել որևէ պարտավորություն, պատերազմ սկսելը խիստ վտանգավոր կլինի ալիևի ռեժիմի համար:
Իշխանափոխության հնարավորությունների շարքը կարելի է թվարկել անվերջ. ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հստակ, որ ավելորդ հիմնավորումների կարիք ուղղակի չունի:
Բանաձևը մեկն է. կամ այս իշխանությունը կհեռանա, կամ Հայաստանն այլևս իշխանություն չի ունենա...։
Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր,
«Մեկ Հայաստան» խմբակցության նախագահ