կարևոր
304 դիտում, 59 րոպե առաջ - 2026-09-28 20:02
Սպորտ

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։

Խորհրդի նիստն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք–2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։ Նիստին մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության արդիական հարցեր։ Կողմերը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները, փոխանակվել փորձով, ինչպես նաև անդրադարձել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններին։

Նախատեսվում է, որ 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։

Հիշեցնենք՝ 2024 թվականին Գյումրին հռչակվել էր ԱՊՀ սպորտի մայրաքաղաք և հյուրընկալել ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:

ԱՊՀ մարզական խաղերի նպատակներից են՝ մասնակից պետությունների միջև մարզական կապերի ամրապնդումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, ինչպես նաև տարբեր մարզաձևերի հանրահռչակումը։