կարևոր
556 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 19:58
Հասարակություն Քաղաքական

Ինչպես հարավկորեական պատվաստանյութը դարձավ եվրոպական. առողջապահության փորձագետի ահազանգը՝ նախարարի հայտարարության վերաբերյալ

Ինչպես հարավկորեական պատվաստանյութը դարձավ եվրոպական. առողջապահության փորձագետի ահազանգը՝ նախարարի հայտարարության վերաբերյալ

«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը անդրադարձել է Հանրային ՀԸ եթերում Առողջապահության նախարարի արված հայտարարությանը՝ փաստելով, որ հայտարարված պատվաստանյութը ոչ թե եվրոպական է, այլ հարավկորեական։

Ներկայացնում ենք Անուշ Պողոսյանի դիտարկումը.

«Հարավային Կորեան Եվրոպա

Տիկին նախարար, Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan)

Ենթադրում եմ՝ Ձեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են զեկուցել։

Հրավիրեք ՀՎԿԱԿ-ի տնօրենին (դե հիշում եք՝ այն պաշտոնյային, որը կորտիզոլն ու ադրենալինը նույն հորմոնն էր համարում) և համակարգող փոխնախարարին (դե հիշում եք՝ այն պաշտոնյային, որը մասնագիտական հանրույթին էր ծաղրում) ու պարզեք՝ ե՞րբ և ինչպե՞ս Հարավային Կորեան դարձավ Եվրոպա։

Լուսանկարներում պատկերված է GC FLU գրիպի պատվաստանյութը, որի արտադրողը GC Biopharma Corp. ընկերությունն է, իսկ արտադրության վայրը՝ Hwasun-gun, Jeollanam-do, Republic of Korea (Հարավային Կորեա)։ Տուփի վրա այդ տեղեկությունը հստակ նշված է։

Ավելին, տուփի վրա նշված շտամներից երևում է, որ սա 2025–2026 սեզոնի եռավալենտ (trivalent) գրիպի պատվաստանյութ է։

Մեր հարկերով ֆինանսավորվող հանրային հեռուստատեսությամբ խնդրում եմ նաև հայտարարել՝

կամ Հարավային Կորեան այլևս Եվրոպա է դարձել, կամ պետք է ներողություն խնդրել քաղաքացիներից՝ նրանց մոլորեցնելու համար։

Իսկ դրանից հետո զբաղվեք նրանցով, ովքեր Ձեզ նման «մասնագիտական» տեղեկություններ են զեկուցում և հերթական անգամ անհարմար դրության մեջ դնում նախարարությանը։

Հ.Գ. Փաստերը համառ բան են․ նույնիսկ պատվաստանյութի տուփն է ավելի ճշգրիտ տեղեկություն տալիս, քան Ձեր որոշ պատասխանատուները»։