Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի առողջապահության նախարարը պահանջել է, որ Եվրամիության կարգավորող մարմինը ավելի արագ աշխատի եւ հաստատի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ ամբողջ մայրցամաքում տառապանքներին վերջ տալու համար, հայտնում է AP-ը:
Կանցլեր Անգելա Մերկելը եւ Գերմանիայի 16 դաշնային հողերի նահանգապետները պայմանավորվել են չորեքշաբթի օրվանից մինչեւ հունվարի 10-ը ուժեղացնել մեկուսացման միջոցները երկրում՝ COVID-19-ի դեպքերի արտառոց աճը կասեցնելու համար:
Առողջապահության նախարար Յենս Սփանը հայտարարել է, թե Գերմանիան, որը ստեղծել է պատվաստումների ավելի քան 400 կենտրոններ եւ ակտիվացրել է շուրջ 10 000 բժիշկների ու բուժքույրերի, որպեսզի երեքշաբթի օրվանից սկսեն զանգվածային պատվաստումները, բախվել է սահմանափակումների՝ կարգավորող մարմինների թույլտվության բացակայության պատճառով:
Սա հատկապես տհաճ էր, քանի որ գերմանական BioNTech եւ ամերիկյան Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութը օգտագործման համար հաստատվել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլ երկրներում: Բայց այն դեռ սպասում է դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) հաստատմանը, ուստի առայժմ չի կարող օգտագործվել Գերմանիայում կամ ԵՄ 27 երկրներից որեւէ մեկում:
Դեկտեմբերի 29-ին EMA-ն պատվաստանյութերի վերաբերյալ հանդիպում կանցկացնի, բայց Սփանն ասել է, որ գործակալության կողմից Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի գնահատումը եւ հաստատումը «պետք է որքան հնարավոր է շուտ տեղի ունենան»:
«Խոսքը վերաբերում է նաեւ Եվրամիության գործելու ունակության հանդեպ քաղաքացիների վստահությանը»,- գրել է Սփանը: