կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 22:23
Տնտեսական

ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն ընդլայնում են տնտեսական համագործակցությունը

ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն ընդլայնում են տնտեսական համագործակցությունը

Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունում, անցկացվել են Եվրասիական տնտեսական միության օրերը։ Միջոցառումներին մասնակցել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, Չինաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև երկու կազմակերպությունների անդամ երկրների պետական մարմինների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։

Երկու կազմակերպությունների միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանը նվիրված կլոր սեղանի ընթացքում ընդգծվել է, որ նրանց գործունեությունը վկայում է հավասարության, փոխադարձ վստահության և գործնական համագործակցության սկզբունքների վրա հիմնված բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացի մասին։

Համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղությունների թվում նշվել են տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և թվային տնտեսության ոլորտներում կապերի ամրապնդումը, ինչպես նաև գործարար և ֆինանսական շրջանակների միջև շփումների ակտիվացումը։

Նուրլան Երմեկբաևն ընդգծել է Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շուկաների միջև ապրանքների, կապիտալի և տեխնոլոգիաների տեղաշարժի փոխկապակցված երթուղիների միասնական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։ Նա բարձր է գնահատել ՇՀԿ անդամ պետությունների կողմից միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին գործող համաձայնագրի արդյունավետությունը։

Բակիտժան Սագինտաևը հայտնել է ԵԱՏՄ-ի կողմից առաջ մղվող «ինտեգրացիաների ինտեգրման» հայեցակարգի մասին, որում կարևոր տեղ է զբաղեցնում ՇՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը։ Նա հիշեցրել է Իրանի հետ ազատ առևտրի գործող համաձայնագրի, Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության, ինչպես նաև Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ վերջին շրջանում ակտիվացած բանակցությունների մասին։

Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը նշել է, որ ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի ներուժի ամրապնդումն ու միջազգային դերակատարության բարձրացումը ներառված են Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։

Նրա խոսքով՝ երկու կազմակերպությունների միջև կապերի խորացումը պետք է նպաստի առևտրի և ներդրումների ոլորտում կայուն, թափանցիկ և պարզեցված կանոնների ու ընթացակարգերի ձևավորմանը, ինչպես նաև ավելի բաց, ներառական և ոչ խտրական առևտրային համակարգի ստեղծմանը։

Ռուսաստանի դեսպանը կարևորել է նաև ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի շրջանակում առևտրային գործարքների փոխադարձ հաշվարկները ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին ազգային արժույթներին բաժին է ընկել Ռուսաստանի՝ ՇՀԿ-ի անդամ «տասնյակի» երկրների հետ ապրանքաշրջանառության 98 տոկոսը, որի ընդհանուր ծավալը գերազանցել է 400 միլիարդ դոլարը։

Մորգուլովը նաև նշել է, որ երկու հարթակների միջև երկխոսությունը լավ հիմք է ստեղծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման նախաձեռնության իրականացման համար։

Հանդիպման արդյունքներով Նուրլան Երմեկբաևը և Բակիտժան Սագինտաևը ստորագրել են 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է ՇՀԿ քարտուղարության և ԵԱՏՀ-ի միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման համար։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների բնական և մշակութային հարստություններին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։