|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ախթալայի պատմական վանքում կատարվել է ուսուցիչների օրհնության կարգ՝ աղոթքով նրանց հանձնելով նոր ուսումնական տարվա պատասխանատու և նվիրական առաքելությանը։
Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի խոսքով՝ ուսուցիչ լինելը միայն գիտելիք փոխանցել չէ. ուսուցիչը մարդու հոգու ճանապարհին կանգնած այն անձն է, ով կարող է մի բառով հույս արթնացնել, մի հայացքով վստահություն պարգևել, իսկ իր օրինակով՝ սովորեցնել բարություն, ազնվություն և պատասխանատվություն։
«Դպրոցը գիտելիքի տունն է, իսկ եկեղեցին՝ իմաստության հիշողության։ Երբ այս երկու ճանապարհները հանդիպում են, կրթությունը դառնում է ոչ միայն մտքի, այլև մարդու ամբողջական ձևավորման առաքելություն։
Ախթալայի վանքի խաչերի և դարավոր որմնանկարների ներքո այսօր մեր աղոթքն էր, որ Տերը զորացնի բոլոր ուսուցիչներին, իմաստություն պարգևի նրանց, համբերություն՝ դժվարությունների մեջ, և սեր՝ յուրաքանչյուր աշակերտի հանդեպ։
Թող ուսուցչի խոսքը դառնա սերմ, աշակերտի սիրտը՝ բարի հող, իսկ Աստծո օրհնությունը՝ այն լույսը, որի շնորհիվ այդ սերմը պտուղ կտա։
Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղության, գիտելիքի, ստեղծագործության և հոգևոր աճի տարի։
Տե՛ր, օրհնիր մեր ուսուցիչներին և նրանց վստահված երեխաներին»,- նշել է Տեր Հեթումը։