|
Փոխարժեքներ
01 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Այսօրվանից տրանսպորտային միջոցների աղմուկը կստուգենք հատուկ դյուրակիր սարքերով։
Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, այս մասին հաղորդագրությունը է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Վրաստանի ՆԳՆ-ի լիազորված ստորաբաժանումները, հասարակական կարգի պահպանությունն էլ ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով, ճանապարհային երթևեկության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում առաջացած աղմուկի մակարդակի ստուգումը կիրականացնեն գերատեսչության ձեռք բերած, միջազգային՝ ISO 5130:2019 ստանդարտին համապատասխանող աղմուկի մակարդակի չափման դյուրակիր սարքերի միջոցով։
«Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում առաջացած աղմուկի թույլատրելի նորմերը կարգավորված են Վրաստանի կառավարության համապատասխան որոշմամբ։
Որոշման համաձայն՝ բնակավայրերում գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 08:00-ն, տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցի վարումը, որի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը գերազանցում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմը, առաջացնում է տուգանք 100 լարիի չափով և վարորդական վկայականին շնորհված միավորների նվազեցում 10 միավորով․ նույն արարքի կրկնությունն առաջացնում է տուգանք 200 լարիի չափով և վարորդական վկայականի միավորների նվազեցում 20 միավորով, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ դեպքը՝ տուգանք 300 լարիի չափով և վարորդական վկայականի միավորների նվազեցում 30 միավորով։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պահպանման նպատակով, համապատասխան միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության վարչարարությունը և ճանապարհային խախտումներին արձագանքումը շարունակում են ակտիվ ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։