կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 11:17
Հասարակություն

Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան

Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան

Հիշեցում. Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Օգոստոսի 12–13-ին մեզ սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ։

Վեց մոլորակների շքերթ

Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

Արեգակի լրիվ խավարում

Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։