|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանական թիմը։
Մասնավորապես, նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները։
Միաժամանակ, նման կերպ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ հանրության մոտ ենթադրյալ հանցանքի կատարված լինելու և անձանց մեղավորության վերաբերյալ ձևավորվում է դիրքորոշում, որը չի հիմնավորվում քրեական վարույթի նյութերով։
Ուստի հորդորում ենք քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը և հանրությանը չներկայացնել որպես հաստատված փաստ այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին, այլև կարող են ձևավորել նրանց մեղավորության վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք։
Պաշտպանության կողմը հետագայում ևս իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերի շրջանակում` պահպանելով ինչպես իր դատավարական պարտականությունները, այնպես էլ իր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պարտականությունը։