կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 19:43
Քաղաքական

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել․ «Հրապարակ»

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել․ «Հրապարակ»

Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով ցույց տալ, որ բանակում հետևողական աշխատանք է իրականացվում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ «հետևողական աշխատանքի» շրջանակներում վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի մի շարք դիրքերում, որտեղ զինվորների սպանության դեպքերն ամենաշատն են, հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել։ Մեր զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց փոխարեն դիրքեր են բարձրացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներին՝ այսպես կոչված «մոբին», ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին։

Նույն աղբյուրի խոսքով՝ Վարդենիսի ուղղությամբ կան դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայողներին 20 օրից ավելի են պահում՝ երբեմն 24-28 օր։ Այժմ հրահանգվել է 14 օրից ավելի չպահել, քանի որ հասկացել են, որ երկարատև հերթապահությունը հանգեցնում է զինծառայողների հյուծվածության, ինչի արդյունքում դիրքերում քնում են եւ տարբեր միջադեպեր են լինում։

Սակայն մեզ հետ զրուցող զինվորականը նաեւ կարծում է, որ ժամկետային զինծառայողներին մոբով կամ պայմանագրայիններով փոխարինելը խնդրի համակարգային լուծում չէ։ Եթե անգամ լուծում է, ապա՝ ժամանակավոր, քանի որ վաղ թե ուշ ժամկետային զինծառայողները կրկին պետք է բարձրանան դիրքեր։

Նրա խոսքով` խնդրահարույց է նաև ժամկետայիններին ընդհանրապես դիրքերից զերծ պահելը, քանի որ զինծառայողը պետք է ծանոթ լինի դիրքային ծառայությանը, սահման պահելու կանոններին և համապատասխան պայմաններում ծառայություն իրականացնելու կարգին։ Որպեսզի ողբերգություններից խուսափեն, ժամկետայիններին դիրքեր հանելիս բավական է, որ նրանց հետ լինի սպայական կազմից գոնե մեկը կամ տարեց մեկ պայմանագրային զինծառայող։

Մեր տեղեկություններով, այս իրավիճակից դժգոհություն է առաջացել նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների շրջանում։ Խնդիր է առաջանում նաև նրանց թվաքանակի հետ կապված։ Մեզ հետ զրույցում հավաքի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքը ընդամենը ութ ամիս առաջ է զորացրվել պարտադիր զինծառայությունից, սակայն ստացել է ծանուցագիր վարժական հավաքի մեկնելու և ստիպված է եղել կրկին մեկնել ու սահման պահել։ «Երկու տարի ծառայելուց հետո, փաստորեն մեկ տարի էլ հանգիստ չեն թողնում»,– դժգոհեց նա։