կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 11:07
Իրավական

Փաշինյանը լրագրողի միջակ մակարդակով իրավական ակտեր է գրել, իրավապահները մնացել են դրա տակ. Մանուկյան

«Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական, շինծու քրեական գործ է, որը կարված է Նիկոլ Փաշինյանի քիմքին համապատասխան»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատելով, որ այդ ամենն արվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու «ՔՊ» մյուս ներկայացուցիչներն ուղղակի առիթ ունենան խոսելու, մատի փաթաթան դարձնելու ամբողջովին քաղաքական սոուսով այս քրեական գործի, նախագահ Քոչարյանի հետախուզման հայտարարությունը։

Իշխանական լրագորղի հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը նախագահի աշխատավարձով միլիարդներ կուտակել, Մանուկյանը հարց հղեց՝ իր գրպանի պարունակության մասին արդյո՞ք գիտի։

«Բա որտեղի՞ց նախագահ Քոչարյանի գրպանի պարունակության մասին գիտեք։ Դատախազությունն աշխարհի ամենաապուշ հայտարարությունն է արել։ Դատախազությունն, օրինակ, ներողություն խնդրե՞լ է Գագիկ Խաչատրյանից, երբ նրան վերագրել է մեկ ու կես միլիարդ դոլար, հետո պարզվել է, որ դրամ է։Գլխավոր դատախազը եկել է ԱԺ ամբիոնից հայտարարություններ է արել մեր գործընկեր Արթուր Սարգսյանի մասին, որ կալանքի թույլտվությւն տվեք Բագրատ սրբազանի մասին, հետո պարզվել է, որ 180 աստիճան հակառակ բանն է ասել՝ սուտ է խոսել։ Բագրատ սրբազանի և 18 արդարների գործով այն բոլոր հայտարարությունները, որոնք արել է դատախազությունը, ամբողջովին հերքված է հիմա դատարանում»,-ասաց գեղամ Մանուկյանը։

Նա հավելեց, որ փորձագետները գնում են դատարան և հերթով խայտառակ են լինում։

«Որովհետև բոլոր քրգործերով չկա իրավաբանություն, կա քաղաքականություն։ Բոլոր տեղերը Նիկոլ Փաշինյանը միջակ լրագրողի մակարդակով, որը կարծում է ամեն ինչից տեղյակ է, միջակ մակարդակով իրավական ակտեր է գրել ու հիմա իրավապահները մնացել են դրա տակ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը: