կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 23:51
Աշխարհ

ԵՄ-ն զգուշացրել է՝ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ԵՄ-ն զգուշացրել է՝ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը դժվարությամբ է դիմակայում Իսպանիայում և Ֆրանսիայում բռնկված հրդեհներին, որոնք շարունակում են ծանրաբեռնել տեղական ռեսուրսները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Հրդեհները գերազանցում են արձագանքման հնարավորությունները։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 80 000 հեկտար տարածք Իսպանիայում և ավելի քան 42 000 հեկտար՝ Ֆրանսիայում։ Հրդեհները, որոնք ստիպել են 320 000 մարդու լքել իրենց տները, դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չեն առնվել։

Եվրոպական միությունը նշված երկու երկրներին աջակցելու նպատակով իրականացնում է իր պատմության մեջ ամենախոշոր ծրագիրը։ Բրյուսելն ընդունում է, որ հրդեհները ձեռք են բերել աննախադեպ մասշտաբներ՝ տարածվելով ավելի արագ, քան հրշեջները կարողանում են դրանք վերահսկողության տակ առնել։

Ճգնաժամը նաև ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությունն ազդել է խոշորածավալ աղետների դեպքում գործելու՝ միության կարողության վրա։

Հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Հաջա Լահբիբն ավելի վաղ հաստատել էր, որ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը գերծանրաբեռնված է, սակայն ընդգծել էր, որ այն գործում է։

Այնուամենայնիվ, Բրյուսելը մտադիր է ավելացնել հրդեհաշիջման ինքնաթիռների քանակը և արտակարգ իրավիճակների անդրսահմանային արձագանքման կարողությունները։ ԵՄ պաշտոնյաները փաստել են, որ կլիմայի փոփոխությունը երկարաձգում է անտառային հրդեհների սեզոնը, և որ այդ հրդեհների հետևանքները գնալով ավելի ծանր են դառնում՝ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա իրավիճակի հետ։