կարևոր
1708 դիտում, 11 ժամ առաջ - 2026-07-20 23:20
Հասարակություն

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Դեպքի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին.

«Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ չի կարող իրականացնել մինչև Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները ծառը չհեռացնեն, որից հետո կսկսեն իրենց գործողությունները, և կվերականգնվի գազամատակարարումը։