կարևոր
3583 դիտում, 12 ժամ առաջ - 2026-07-20 21:01
Աշխարհ

Ամերիկյան ուժերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ

Ամերիկյան ուժերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։

«Մենք նախորդ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք Իրանին՝ ի պատիվ երեք մեծ հայրենասերների»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թրամփը։

Sky News-ի տվյալներով՝ ամերիկյան զինուժը հայտարարել է Իրանի դեմ իններորդ անընդմեջ գիշերային հարվածներն ավարտելու մասին։ Պայթյուններ են արձանագրվել երկրի տարբեր շրջաններում։Թեհրանն իր հերթին պատասխան հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից երկրների ուղղությամբ, այդ թվում՝ Քուվեյթում և Հորդանանում։

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 18-ին Իրաքի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող, ևս մեկը համարվում է անհետ կորած։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրաքում զինծառայողը զոհվել է իրանական խոցված հարվածային անօդաչու թռչող սարքի «չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման» ժամանակ։ Դեպքի հետևանքով վիրավորվել է ևս մեկ զինծառայող։

ԱՄՆ ղեկավարը սոցիալական իր էջում նաև գրել է.

«Ամեն անգամ, երբ Իրանը սպանի ամերիկացի զինվորի, նրանք բազմապատիկ կվճարեն այդ սպանության համար։ Այս հրահանգը փոխանցվել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին»։