կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 10:02
Իրավական

Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»

Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, ներկայում քաղաքական շարժառիթներով կալանավորված Ավետիք Չալաբյանի հարցը բարձրացվել է Եվրոպական խորհրդարանում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում:

Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով:

Եվրապատգամավորը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից արժանացել էին քննադատության՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից:

Հատկանշական են նաև հարցադրումների ձևակերպումները. «Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը: Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը՝ Եվրոպական միություն–Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո»:

Այս առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կարևորում է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգայնորեն բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն:

Մյուս կողմից՝ Եվրոպական խորհրդարանում, հնարավոր է, դեռևս կան գործիչներ, որոնք առնվազն լավատեղյակ չեն Հայաստանում տիրող փաստացի իրավիճակից: Հետաքրքիր է, թե էլ ինչ հարցադրումներ նրանք կանեն, երբ տեղեկանան Հայաստանում՝ ֆոն դեր Լայենի կողմից ամեն գնով աջակցություն ստացող Փաշինյանի ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների ամբողջ ծավալի, խոսքի ազատության և սեփականության իրավունքի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունների մասին: Չնայած, հազիվ թե նրանց մեծ մասը ծանոթ չէ այդ ամենին...