Միասին կարող ենք
կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 12:14
Իրավական

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, մեղադրական վերդիկտ է կայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Քրեական դատարանից։

Նշենք, որ դատավորը որոշումը դեռ չի հրապարակել։ Ավելի վաղ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու համար։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։