Միասին կարող ենք
կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-23 12:59
Հասարակություն

Գաղտնի մրցույթ՝ անհայտ հասցեով. Անուշ Պողոսյանի ահազանգը

Գաղտնի մրցույթ՝ անհայտ հասցեով. Անուշ Պողոսյանի ահազանգը

«Այսօր պետք է տեղի ունենար Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու մրցույթը։ Մոտ մեկ ամիս առաջ հայտարարվեց մրցույթի մասին, և ես սահմանված ժամկետում ներկայացրեցի բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Երկու շաբաթ անց ինձ կրկին խնդրեցին ուղարկել նույն փաստաթղթերը, ինչը ևս կատարեցի։ Դրանից հետո՝ լիակատար լռություն»,-ահազանգում է «Առոզջության իրավունք» ՀԿ  նախագահ Անուշ Պողոսյանը։

«Ավելի ուշ նախարարության կայքում տեսա ընդամենը մեկ նախադասությամբ հայտարարություն, որ ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը՝ նույն օրը ժամը 13:00-ին։ Սակայն չէր նշվել ոչ մրցույթի անցկացման վայրը, ոչ ընթացակարգը, ոչ մասնակցության կարգը։

Փորձեցի կապ հաստատել Հիմնադրամի հետ, պարզել, թե որտեղ և ինչ ձևաչափով է անցկացվելու մրցույթը։ Իմ բոլոր փորձերն ապարդյուն էին։ Ոչ ոք չպատասխանեց, ոչ ոք չպարզաբանեց, ոչ ոք կապ չհաստատեց։

Արդյունքում ես, որպես պաշտոնապես դիմած թեկնածու, այդպես էլ չիմացա, թե որտեղ է անցկացվում մրցույթը, ուր պետք է ներկայանամ և ինչ ընթացակարգով պետք է մասնակցեմ։ Եվ, ինչպես պարզվեց, նույն իրավիճակում են հայտնվել նաև մյուս դիմորդները։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս իշխանությունների կողմից կազմակերպվող «մրցույթների», «թափանցիկության» և «լեգիտիմության» մասին։ Երբ նույնիսկ մրցույթի մասնակիցներին չեն հայտնում, թե որտեղ է անցկացվելու մրցույթը, դժվար է հավատալ, որ նպատակը լավագույն թեկնածուի ընտրությունն է։ Այդպիսի պայմաններում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք մրցույթը կազմակերպվում է հաղթողին ընտրելու, թե պարզապես նախապես կայացված որոշումը ձևականորեն օրինականացնելու համար։

Հ․Գ․ Եթե մրցույթի հասցեն պետական գաղտնիք է, ապա դժվար չէ կռահել, թե ինչ կարգավիճակ ունի դրա արդյունքը»։