կարևոր
3439 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-28 14:05
Քաղաքական Արցախ

Ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կույր. «SOS Artsakh» ահազանգը հնչեցվեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

«SOS Artsakh» կարգախոսով ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց 24-ժամյա նստացույցեր իրականացրած քաղաքացիները հասել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց եւ պահանջում են ոչ միայն խոսել, այլև գործուն քայլեր ձեռնարկել Արցախի պաշտպանության համար:

Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։

Նրանք ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում», «Չկա սնունդ, չկա դեղորայք», «Այլևս ոչ մի ցեղասպանություն, կանգնե՛ք Արցախի համար» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ, վանկարկում «SOS Արցախ»։

«Նստացույցը հստակ օրակարգ ուներ՝ ևս մեկ անգամ մեր միջազգային գործընկերներին հիշեցնելու, որ ժամանակն է  գործով, գործուն, արդյունավետ քայլերով ապացուցելու իրենց արժեքներին, համամարդակային արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը,  ժամանակն է հայտարարությունների տեքստից անցնել գործուն, արդյունավետ քայլերով ցույց տալու, որ իրենք իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների ջատագովն են, ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կույր, ժամանակն է, որ կանգնեն իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների կողքին»,- ակցիայի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Ժամանակն է  կանգել Արցախի Հանրապետության կողքին, կանգնել արժանապատիվ հայ մարդկանց կողքին, ովքեր արդեն 199 օր է ահաբեկչական բլոկադայի մեջ են գտնվում, ժամանակն է դադարեցել 199 օր շարունակվող հումանիտար աղետը»,- հավելեց նա:

Կրպեյանը նշեց, որ նաև երկրորդ ուղերձն  են ուղղում միջազգային գործընկերներին.

«Այս պահին Հայաստանում իշխանությունը օկուպացրած հանցախումբը չի ներկայացնում, ավելին՝ մանդատ  չունի ներկայացնելու հայ մարդու շահերը։ Մենք վճռական ենք մեր պայքարում, անկոտրում է մեր կամքը շարունակելու այս պայքարը հանուն արժանապատվության, հանուն ժողովրդավարական արժեքների, հանուն մարդու իրավունքների։ Մեզ համար սակարկաման առարկա չէ Արցախի մեր սիրելի հայրենակիցների  ինքնորոշման իրավունքի իրացումը, սակարկման առարկա չէ մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Ա. Կրպեյանն ասաց, որ մինչ այստեղ նստացույց էին անում, ադրբեջանական ահաբեկչական բռնապետության հերթական ահաբեկչական հարձակման հետևանքով Արցախում 4 զինծառայող է զոհվել։

«Մենք շարունակական կորուստներ ենք ունենալու, եթե օր առաջ չդադարեցնենք այս կործանարար անկումը, էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի անկում»,- ասաց Ա. Կրպետյանը։

Նա դիմելով ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերերին՝ ասաց, որ ինքն այստեղ է փոխանցելու Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կոչը՝ դադարեցնել երկակի ստանդարտները, դադարեցնել չնկատելը, չլսելը, չտեսնելը, Արցախից հնչող SOS ահազանգը։

Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված չորս զինծառայողների հիշատակը։