կարևոր
3361 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-28 12:16
Քաղաքական

«SOS Artsakh» ահազանգը հնչեցվեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

«SOS Artsakh» ահազանգը հնչեցվեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh» կարգախոսով 24- ժամյա նստացույցը ամփոփվեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցները ողջ գիշեր եղել էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև առավոտյան երթով շարժվել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։

Ներկաների ձեռքին կային «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում», «Չկա սնունդ, չկա դեղորայք», «Այլևս ոչ մի ցեղասպանություն, կանգնե՛ք Արցախի համար» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ։ Նրանք վանկարկում էին՝ «SOS Artsakh»:

«Նստացույցը հստակ օրակարգ ուներ՝ ևս մեկ անգամ մեր միջազգային գործընկերներին հիշեցնելու, որ ժամանակն է գործով, գործուն, արդյունավետ քայլերով ապացուցելու իրենց արժեքներին, համամարդակային արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը, ժամանակն է հայտարարությունների տեքստից անցնել գործուն, արդյունավետ քայլերով ցույց տալու, որ իրենք իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների ջատագովն են, ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կույր, ժամանակն է, որ կանգնեն իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների կողքին»,- ակցիայի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Ժամանակն է կանգել Արցախի Հանրապետության կողքին, կանգնել արժանապատիվ հայ մարդկանց կողքին, ովքեր արդեն 199 օր է ահաբեկչական շրջափակման մեջ են գտնվում, ժամանակն է դադարեցել 199 օր շարունակվող հումանիտար աղետը»,- հավելեց նա:

Կրպեյանը նշեց, որ նաև երկրորդ ուղերձն են ուղղում միջազգային գործընկերներին. «Այս պահին Հայաստանում իշխանությունը օկուպացրած հանցախումբը չի ներկայացնում, ավելին՝ մանդատ չունի ներկայացնելու հայ մարդու շահերը։ Մենք վճռական ենք մեր պայքարում, անկոտրում է մեր կամքը շարունակելու այս պայքարը հանուն արժանապատվության, հանուն ժողովրդավարական արժեքների, հանուն մարդու իրավունքների։ Մեզ համար սակարկաման առարկա չէ Արցախի մեր սիրելի հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացումը, սակարկման առարկա չէ մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Ասպրամ Կրպեյանն ասաց, որ մինչ այստեղ նստացույց էին անում, ադրբեջանական ահաբեկչական բռնապետության հերթական ահաբեկչական հարձակման հետևանքով Արցախում 4 զինծառայող է զոհվել։

«Մենք շարունակական կորուստներ ենք ունենալու, եթե օր առաջ չդադարեցնենք այս կործանարար անկումը, էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի անկում»,- ասաց նա։

Նա դիմելով ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերերին՝ ասաց, որ ինքն այստեղ է փոխանցելու Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կոչը՝ դադարեցնել երկակի ստանդարտները, դադարեցնել չնկատելը, չլսելը, չտեսնելը, Արցախից հնչող SOS ահազանգը։

Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված չորս զինծառայողների հիշատակը:

«Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակաիրթ աշխարհի աչքի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական ագերսիվ գործողությունն իրականացրեց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ու համայնք հայ ժողովրդի դեմ»,- հայտարարեց ՀՅԴ անդամ,ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս Արցախում զոհվել է չորս մարդ, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակվածների հիշատակը։

«Զինվորները չեն զոհվել հանուն ոչնչի, ոչ այս չորս զինվորները, ոչ չորս հազարից ավելի զոհերը։ Նրանք զոհվել են, որպեսզի Արցախը մնա հայկական, հայերը կարողանան ապրել իրենց հայրենիքում, կերտել իրենց պետականությունը»,-ասաց նա։

Դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ կազմակերպության կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։

«Տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ժողովուրդներից, որոնք այդ իրավունքներն իրացնելով պետություն են ստեղծել»,-հարց հնչեցրեց Խաչատրյանը։