Միասին կարող ենք
կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-26 18:08
Աշխարհ

Զելենսկին Կիևում հանդիպել է Բելառուսի ընդդիմության ղեկավար Տիխանովսկայային

Զելենսկին Կիևում հանդիպել է Բելառուսի ընդդիմության ղեկավար Տիխանովսկայային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և նրա թիմի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում:

«Մենք բոլորս աջակցում ենք բելառուս ժողովրդի՝ ռուսական միջամտությունից ազատվելու ցանկությանը և գիտենք, որ Ռուսաստանը հիմա փորձում է Բելառուսին ավելի խորը ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ», – գրել է նա:

«Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել Բելառուսի համար։ Եվ մենք շնորհակալ ենք այն բելառուսներին, որոնք այժմ կանգնած են Ուկրաինայի կողքին, երբ որոշվում է ինչպես մեր անկախության, այնպես էլ Ռուսաստանին սահմանակից յուրաքանչյուր ազգի անկախության ճակատագիրը», – հավելել է Զելենսկին։

Բելառուսի ներկայացուցիչները մասնակցել են Կիևում ընթացող Քաղաքների և տարածաշրջանների միջազգային գագաթնաժողովին, որին ներկա է 24 երկիր, այդ թվում՝ Ուկրաինայի բոլոր եվրոպական հարևանները:

Տիխանովսկայան 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո հեռացել է Բելառուսից և բնակվում է Լիտվայում:

Տիխանովսկայայի՝ Կիև ժամանման ֆոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում երկրի սահմանը հատել է 116 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նրա պնդմամբ՝ այդ «թռիչքներից» ոչ բոլորն են պատահական եղել։ Վոլֆովիչը նշել է, որ Ուկրաինան փորձում է «հարվածել սահմանային ենթակառուցվածքների տարրերին»։