|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Վրաստանի իրավապահ մարմինները Սադախլո մաքսային անցակետում առգրավել են 103 կգ մետամֆետամին, որի արժեքը սև շուկայում գնահատվում է մոտ 30 միլիոն լարի։ Խոսքը վերաբերում է թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակներից մեկին, որը Վրաստանի սահմանին կանգնեցվել է Եվրոպա տեղափոխվելու ճանապարհին։
Քննության տվյալներով՝ բեռնատարը շարժվում էր Հայաստան-Վրաստան-Բուլղարիա երթուղով։ Փաստաթղթերի համաձայն՝ բեռը պետք է պարունակեր կաուստիկ սոդա, սակայն ստուգման ընթացքում սոդայի պարկերում հայտնաբերվել է մետամֆետամին։
Ձերբակալվել է մեկ անձ՝ Վրաստանի և Թուրքիայի երկքաղաքացի, որը հանդիսանում է ընկերություններից մեկի տնօրենը։ Քննության վարկածով՝ հենց նա է վարորդին հանձնարարել կաուստիկ սոդայի փոխարեն Վրաստան ներմուծել մետամֆետամինով լի պարկեր։
Իրավապահները հայտարարում են, որ քննությունը շարունակվում է ինտենսիվ ռեժիմով, և իրականացվում են գործողություններ գործին առնչվող այլ անձանց բացահայտելու ուղղությամբ։ Քննության գնահատմամբ` թմրանյութերի «գնորդը» բեռին սպասում էր Բուլղարիայում։
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տվյալներով՝ 51-ամյա մեղադրյալը նախ իր բեռնատարն ուղարկել է Հայաստան, որտեղ կցորդը բեռնվել է մետամֆետամինով, ապա բեռը տեղափոխվել է Վրաստան։
Մեղադրյալին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Աղբյուրը՝ Vector News։