Միասին կարող ենք
կարևոր
1825 դիտում, 8 ժամ առաջ - 2026-05-05 22:06
Տարածաշրջան

Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է մեկ քաղաքացի։

Ինչպես բրիֆինգի ընթացքում հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն, խոսքը բարձր պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի մասին է։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ մեղադրյալը ունեցել է գաղտնի և համակարգված կապ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Հանդիպումները կազմակերպվում էին կոդավորված երկկողմ կապի միջոցով և անցկացվում տարբեր վայրերում՝ նախապես համաձայնեցված խիստ գաղտնիության պայմաններում։ Տեղեկատվության փոխանցումն իրականացվում էր ինչպես անձնական հանդիպումների, այնպես էլ էլեկտրոնային կապի միջոցով։

Օտարերկրյա հատուկ ծառայությանը փոխանցված տեղեկատվությունը ներառել է տարբեր կատեգորիաների գաղտնի տվյալներ, որոնք կապված են եղել Վրաստանում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացների, ուժային կառույցներում և անվտանգության համակարգում առկա իրավիճակի, ինչպես նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկատվության և այլ տվյալների հետ, որոնք հետաքրքրություն են ներկայացրել պատվիրատուների համար։

Ավելի ուշ Rustavi 2-ը հայտնել է, որ ձերբակալվածը Գիորգի Ուձիլաուրին է։

Միաժամանակ Mtavari Arkhi-ի և Ռադիո Ազատության տվյալներով՝ Ուձիլաուրին նախկինում զբաղեցրել է «Քարթու» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի պաշտոնը, որը կապված է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ, իսկ ձերբակալման պահին հանդիսացել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության վարչություններից մեկի պետը:

Գործող օրենսդրության համաձայն՝ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։

Աղբյուրը՝  Vector News