|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
«Հանդիպման ընթացքում ԱԳՆ-ն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևը, որը պարունակում է Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կողմնակալ դրույթներ։ Այդ կապակցությամբ մյուս կողմին է հանձնվել բողոքի նոտա։
Նշվել է, որ տվյալ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։
Թշնամի երկիրը հայտարարել է, որ, չնայած 2023 թվականին Ադրբեջանի Սահմանադրության համապատասխան ներկայացված վերաինտեգրման պլանին, հայ բնակիչները տարածաշրջանը լքել են կամավոր, իսկ հակառակի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նաև նշվել է, որ ռազմագերիների արձակման կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը։
Բանաձևը անդրադառնում է ԵՄ–Հայաստան հարաբերությունների նոր փուլին, որը բնութագրվում է անվտանգային համագործակցության ընդլայնմամբ և ժողովրդավարության ու իրավունքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությամբ։ Այն ծառայում է որպես համապարփակ ճանապարհային քարտեզ ԵՄ–Հայաստան գործընկերության համար՝ ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունթյան և աճի ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք արձագանքում ենք նաև արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ ամուր պաշտպանական մեխանիզմների կոչին, մասնավորապես այն սպառնալիքների, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ապակայունացմանը։
Բանաձևը անդրադառնում է արդարության և անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար։