|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն ԱԺ-ում։
«Սիրելի հայրենակիցներ,
Կառավարությունն այս տարի էլ օրիգինալ չգտնվեց, որևէ կերպ իրեն նեղություն չտվեց բացատրելու, թե վերջիվերջո ի՞նչ ծրագիր է իրականացրել, որովհետև այս գրքույկի ու այս գրքույկի միջև որևէ կապ չկա։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ որևէ կապ չկա իրենց նախընտրական խոստումների ու կառավարության ծրագրի միջև։ Այսինքն, խոստացել են մի բան, բայց արել են մի այլ բան։ Կոպիտ ասած՝ խաբել են։ Իսկ ո՞վ է այս խաբեության մեղավորը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովուրդը։ Բառացի մեջբերում եմ․ «Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական փսևդոդաշնակցական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ։ Ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ պարտադրել է ուրիշ օրակարգ»։ Ներեցեք, դա ինչպե՞ս, էդ ո՞նց։ Այդ նոր օրակարգն ինչպե՞ս, ու՞մ կողմից և ե՞րբ ձևավորվեց ու ձևակերպվեց, ու հանձնարարվեց, որ սա դնեք մի կողմ ու...ու անեք ի՞նչ։ Որովհետև, սա էլ սրա հետ ոչ մի առնչություն չունի։
Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ է տալիս, ինչպես տվել է 5 տարի առաջ։ Երկու օր առաջ խոստովանեց, որ դրանք չի կատարել ու չի կատարել.... որովհետև դուք չեք ուզել, այլ բան եք ուզել, դուք եք մեղավոր բոլոր ձախողումների ու չիրականացված խոստումների համար։ Այս ամենից հետո, իմ մեղավոր ժողովուրդ, էլի՞ եք պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վստահ եմ, որ ոչ։
Սիրելի հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր Հայաստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը համարում են խա-ղա-ղու-թյուն։ Դրա միակ հիմնավորումն այն է, որ սահմաններին զոհեր չունենք։ Հարյուրամյա պատերազմի օրերին էլ անգլիացիներն ու ֆրանսիացիներն ամեն օր չէին կռվում։ Պատերազմի ժամանակ էլ կան «հանդարտ» տարիներ, երբ չկան մարտական գործողություններ։ Պատերազմն ավարտվում է, երբ հանգուցալուծվում է պատերազմը ծնած խնդիրը։
Սիրելի հայրենակիցներ,
Պետք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղություն չի, որպեսզի ձգտենք իրական խաղաղության։ Խաղաղության, որը կապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանությունը, խաղաղության, որը կվերացնի ցեղասպանության հետևանքները, ավելի պարզ՝ կապահովի էթնիկ զտման ենթարկված արցախցիների հավաքական ու անվտանգ վերադարձի իրավունքի ապահովումը։ Սիրելի հայրենակիցներ, մենք դեմ ենք ոչ թե խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել իշխանությունների գեբելսյան քարոզչությունը, այլ դեմ ենք Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությանը հենց այն պատճառով, որ նա ունակ չէ խաղաղություն հաստատել․․․
Սակայն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այս խախուտ հրադադարը համարում են խաղաղություն ու դեռ փորձում են բացատրել, թե ինչպես եկան այս «խաղաղության»։ Նա ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչ գնով «խաղաղություն» հաստատվեց։ Ու պատասխանում է. «Զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով»։ Պարոն Փաշինյան, Մովսեսը չէք, Դուք ժողովրդին դեպի ավետյաց երկիր չառաջնորդեցիք, Դուք ժողովրդին տարաք դեպի դժոխք, Դուք կործանեցիք Արցախի Հանրապետությունը, Դուք կործանեցիք Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, Դուք հազարավոր ընտանիքների դժբախտացրեցիք։ Դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Ձեր զոհը ոչ թե զավթիչներն էին, այլ սեփական ժողովուրդը։
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի դեմ «անհայտ» երկրի կողմից վարվող հիբրիդային պատերազմի դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանը այս տարվա մարտի 11-ին Եվրախորհրդարանում հայտարարում է․ «1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են այն նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։» Բայց հիմա ես չեմ ուզում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի պատմական գիտելիքներին կամ պատմական ճշմարտությունները հերքելու, պատմությունն աղճատելու նրա սովորությանը։ Ես ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հավատամքի, արժեքային համակարգի մասին։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանն անկախություն ստացավ, երբ ստորագրեց Ալմա Աթայի հռչակագիրը՝ հռչակելով, որ միանում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Անկախ Պետությունների Համագործակցությանը։ Այսինքն, եթե Հայաստանը Լիտվայի նման չմիանար ԱՊՀ-ին՝ անկախ չէր լինի՞, կամ եթե Վրաստանի նման դուրս գա ԱՊՀ-ից՝ կկորցնե՞ր իր անկախությունը։ Եվ ահա մի մարդ, ով համոզված է, որ Հայաստանն անկախացավ ոչ թե ազգային ազատագրական պայքարի, ոչ թե հանրաքվեի միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, այլ միայն ու միայն ԱՊՀ-ին միանալու արդյունքում մեզ այս ամբիոնից սովորեցնում է, թե ինչ է անկախությունը, ինչ է պետականությունը։ Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա․․․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ, այս ամբիոնից դարձյալ հանրությանը վախեցրեց, թե եթե ընդդիմությունը գա իշխանության կլինի պատերազմ։ Ու գիտե՞ք ինչպես դա հիմնավորեց։ Այ եթե ուզենաք վերաբանակցել, կլինի պատերազմ։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, միջազգային հարաբերություններում չեն կարող լինել փոխզիջումային լուծումներ, լուծումներ, որոնք հակամարտության բոլոր կողմերին բավարարեն։ Հենց հակամարտության կողմերից մեկն անհամաձայնություն հայտնի, կլինի պատերազմ։ Միայն մեկ դեպքում է անհամաձայնությունը բերում պատերազմին։ Դա անվերապահ կապիտուլյացիայի պահանջն է։ ՔՊ-ն երկիրը կանգնացրել է կապիտուլյացիայի պահանջի առաջ և դա ներկայացնում է որպես խաղաղություն։
Նոր պատերազմի սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործելու։ «Ես չլինեմ, չի լինի Հայաստանը»։ Ճիշտ նույն մոտեցումն է, ինչ 2018-ին. «Ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Ու մենք դառնում ենք Նիկոլ Փաշինյանի գերին։ Նիկոլ Փաշինյանը չլինի, Ալիևը կռիվ կսկսի։ Ու դեռ զայրանում են, որ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի սրտի վարչապետն է․․․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե TRIPP նախագծի իրագործումը, Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից։ Ինչպես օգոստոսի 9-ից սկսած եմ ասել, հիմա էլ եմ ասում․ որպեսզի Հայաստանն ապաշրջափակվի պետք է գործեն Սադարակ – Երասխ, Իջևան – Ղազախ, Գյումրի – Կարս երկաթուղիները։ Այլապես՝ ադրբեջանցիները կստանան միջանցք, իսկ Հայաստանը, որպես «փոխադարձ առավելություն», ընդամենը սահմանափակ տրանզիտի հնարավորություն։
Նիկոլ Փաշինյանը սա հրաշալի է հասկանում և դրա համար է ուռճացնում Ադրբեջանից գնված և Վրաստանով Հայաստան ներմուծված մի բաժակ բենզինի նշանակությունը։ Ավելին, նա մի քանի անգամ պնդել է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ միայն արտաքին ճակատի վրա են խաղաղություն բերել, այլև բարելավել են մեր ներքին կյանքը, օգնել լուծել տարիներով կուտակված, բայց լուծում չստացած խնդիրները։ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե իբր ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում իշխանություններն ավարտեցին նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան։ Նույն ընկերությունները, նույն մասնաբաժինները շուկայում... բա էլ ի՞նչ մենաշնորհներ։ Հորմուզի նեղուցը փակվեց առավելագույնը մեկ ամիս առաջ, «ադրբեջանական» բենզինի վերջին խմբաքանակն, ըստ հրապարակված տեղեկությունների, Հայաստան է մտել հունվարի 8-ին։ 1000 տոննա AI 92, 1800 տոննա AI 95 և 1000 տոննա դիզ վառելիք։ Հո՞ այնքան էժան բենզին չէին բերել, որ մինչև հիմա սպառվում է ու սպառվում, բայց դեռ չի սպառվել վերջացել։ Սա ի՞նչ հեքիաթներ են։ Հայաստանի բենզինի տարեկան պահանջը մոտ 200,000 տոննա է։ Ներմուծված բենզինը, նախորդ տարվա դեկտեմբերն էլ հաշված, կրկնում եմ, մի բաժակ ջուր է ընդհանուրի հետ համեմատած։ Այնպես որ հա՜յ մոնոպոլիա, հա՜յ մաֆիա, հա՜յ մարդ, հա՜յ աշխարհ, հա՜յ հեռախոս..․ Ուրեմն ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ուռճացնում բենզինի և ընդհանրապես ադրբեջանական գործոնի նշանակությունը ներքին կյանքի բարելավման հարցում։ Չեմ բացառում, որ վաղն ասեն․ «Ադրբեջանցիներն օգնեցին հաղթելու հայկական ու միջազգային մաֆիային, ադրբեջանցի ոստիկաններն էլ կարող են օգնել պայքարել Հայաստանում կատարվող հանցագործությունների դեմ»։ Ու միգուցե Հայաստանում տեսնենք ադրբեջանցի ոստիկանների։ Ճիշտ է, չեն ասել ումից, բայց ասել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այնպես որ չզարմանաք, որ վաղն էլ ասեն, թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար մեր երկրում պետք է ադրբեջանցի զինվորներ տեղակայվեն․․․
Չի լինելու։ 2018-ին մարդկանց մոլորեցրեցիք, 2021-ին մոլորեցրեցիք, 2026-ին էլ չի ստացվի․․․»