Միասին կարող ենք
կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-13 18:04
Քաղաքական

Հայաստան-Սփյուռք ճեղքվածքը խորանում է. ՀԱԵ-ի շուրջ սկսվել է նոր համահայկական համախմբում

Հայաստան-Սփյուռք ճեղքվածքը խորանում է. ՀԱԵ-ի շուրջ սկսվել է նոր համահայկական համախմբում

Փարիզում ընթացող Սփյուռքի զորաշարժի համաժողովը փաստացի արձանագրում է մի ցավոտ իրողություն՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անվստահության ճգնաժամը խորանում է։ Ավելի քան 25 երկրներից ժամանած մասնակիցները քննարկում են ոչ միայն ազգային առաջնահերթությունները, այլև այն, թե ինչու այսօր համահայկական կառույցների նկատմամբ վերաբերմունքը դարձել է ավելի կոշտ և հաճախ նույնիսկ հակամարտային։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը այդ քննարկումներին տվեց հստակ առանցք։ Կաթողիկոսը հայտարարեց, որ հայ ժողովուրդը կանգնած է լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերների առաջ, իսկ հասարակական կյանքում տիրող պառակտվածությունն ու ատելության մթնոլորտը վտանգավոր խորություն են ձեռք բերել։ Նա առանձնապես ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վնասված են, մինչդեռ ազգային կառույցների նկատմամբ իրականացվում են նպատակային հարձակումներ։ 

Այս միտքը սփյուռքյան շրջանակներում ընկալվում է որպես ահազանգ, որ համազգային ներուժը ոչ թե համադրվում է, այլ մասնատվում։

Նույն այս համատեքստում ավելի սուր են գնահատվում Հայաստանի իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները։ Դրանց արդյունքում եկեղեցին այլևս չի կարող անվճար սեփականությամբ ստանալ պետության կամ համայնքների հողատարածքներ։ Թեև պաշտոնական բացատրություններում սա ներկայացվում է որպես իրավակարգավորման փոփոխություն, քննադատները պնդում են, որ այդ քայլը կարող է դառնալ եկեղեցական սեփականության նկատմամբ նոր վերանայումների մեկնարկային կետ։

Իրավիճակը լրացուցիչ պայթուցիկ դարձավ Մանուկ Վարդանյանի գործով հրապարակումներից հետո։ Ըստ լրատվամիջոցների՝ նախկին պաշտոնյան մեղադրվում է եկեղեցուն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների ապօրինի փոխանցման դրվագներով, իսկ գործը արդեն հասել է հակակոռուպցիոն դատարան։ 

Արդյունքում` սփյուռքում ավելի ու ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ խոսքը մեկ դեպքի մասին չէ, այլ եկեղեցու դերակատարությունը սահմանափակելու համակարգային փորձի։ Եվ հենց այդ պատճառով էլ Փարիզում ձևավորվող համախմբումը դիտվում է որպես պատասխան ոչ միայն ընթացիկ քաղաքականությանը, այլ նաև ազգային ճեղքվածքի խորացմանը։