կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 14:37
Տնտեսական

ՀԷՑ-ի եկամուտները աճում են, ճեղքվածքը՝ խորանում

ՀԷՑ-ի եկամուտները աճում են, ճեղքվածքը՝ խորանում

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր ՀԾԿՀ 2016թ. տարեկան ծրագիրը: Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ վերջին երեք տարում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է մոտ 70 տոկոսով, և հիմա Հայաստանի ազգաբնակչությունը վճարում է տարածաշրջանում ամենաբարձր սակագինը: Եթե Վրաստանի բնակիչները 1 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են 28,6 դրամ, ապա հայաստանցիները` 47,7 դրամ, այսինքն` շուրջ 70 տոկոսով ավելի:

Պատգամավորի խոսքով՝ երբ 2013թ. էլեկտրաէներգիան թանկացնում էին 8 դրամով, իշխանությունները դա բացատրում էին էներգետիկ համակարգում առաջացած ճեղքվածքով, և հիմա այդ ճեղքվածքն ավելի է խորացել: 2015-ին կրկին հայտարարեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին` ասելով, որ ՀԷՑ-ը 25,3 միլիարդ դրամի պարտք ունի էլեկտրաէներգիա արտադրողներին ու չի կարողանում վճարել, և էներգետիկ համակարգը կհայտնվի փլուզման եզրին:

«Սակայն էլեկտրաէներգիան թանկացնելուց յոթ ամիս անց պարզվեց լրիվ այլ իրողություն: Պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ, թե ՀԷՑ-ը չի կարողանում վճարել էլեկտրաէներգիա արտադրողներին, որովհետև 2015 օգոստոսի 1-ի դրությամբ կային էլեկտրաէներգիա արտադրողներ, որոնց ՀԷՑ-ը ոչ մի դրամ պարտք չէր, այսինքն` 23,5 միլիարդ դրամ ճեղքվածքից արտադրող կայաններին գումար չի տրվել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ 23.5 միլիարդ դրամի պարտքը մի քանի ընկերության վրա էր: «Բիբինը մեր փողերը հավաքել է ու ալարել մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարել: Տվել է ռուսական սեփականատեր ունեցող «Հրազդան-ՋԵԿ»-ին ու Որոտանի կասկադին («Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ): Ու սրանից հետո Բիբին կոչված երևույթը եկել է, մեր դուռը կտրել, շանտաժ է արել, որ` եթե գինը չբարձրացնեք, ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի, որովհետև փողը ձեզ չեմ տալիս, մերոնց եմ տալիս ու ամերիկյան ընկերությանը: Ու սրանից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եկել, ասում ա ՝ Բիբի\'ն ջան, կլինի՞ ոչ թե 17 դրամով թանկացնենք, այլ՝ 6,9 դրամով: Վիզները ծռում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ եզրակացնելով, որ սա ռուս-ամերիկյան դավադրություն է՝ Հայաստանի էներգետիկ համակարգը կործանելու համար:

Նա նշեց, որ վերջին մեկ տարում էլեկտրաէներգիայի թանկացման ընթացքում ՀԷՑ-ը 10-13 միլիարդ դրամ հավելյալ հասույթ է ունեցել, բայց ճեղքվածքը գնալով խորանում է: Եվ հիմա էլ 30 միլիոն դոլար վարկ են վերցնում Համաշխարհային բանկից, որ ՀԱԷԿ-ի ճեղքվածքը փակեն: Պատգամավորի խոսքով` եթե վիճակն այսպես շարունակվի, հայ ժողովուրդը պետք է պահանջի էներգետիկ ռեսուրսներն ու ՀԷՑ-ը ազգայնացնել: