Միասին կարող ենք
կարևոր
1096 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 18:36
Հասարակություն

«Օպելի» վարորդներին «համբալ» ասել կարելի է՝ ըստ վերաքննիչ դատարանի․ Գրիգոր Իսկանդարյանը վճռաբեկ բողոք կներկայացնի՝ ընդդեմ Ավինյանի հոր գործով

«Օպելի» վարորդներին «համբալ» ասել կարելի է՝ ըստ վերաքննիչ դատարանի․ Գրիգոր Իսկանդարյանը վճռաբեկ բողոք կներկայացնի՝ ընդդեմ Ավինյանի հոր գործով

«Փաստինֆո»-ն գրում է, որ «Օպելի» վարորդներին այլևս կարելի է «համբալ» ասել՝ ըստ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման, համենայն դեպս, Վերաքննիչը որոշել է  բավարարել  Տիգրան Ավինյանի հոր բողոքը և բեկանել առաջին ատյանի վճիռը՝ մերժելով հայցը։

Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի կողմից «Օպելի» վարորդների թիրախավորման համար դատարան հայց ներկայացրած Գրիգոր Իսկանդարյանը վերաքննիչ դատարանի որոշումն անարդար է համարում, նկատում՝ դա հետագայում կարող է նախադեպ դառնալ։  Իսկանդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել։ 

Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, «Կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել Opel-ի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայցադիմում էր ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր` Արմեն Ավինյանի դեմ` Opel-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Ներկայացված հայցադիմումով Իսկանդարյանը պահանջել է Ավինյանի հորից փոխհատուցում` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար:

Խոսքը սիմվոլիկ 500,000 դրամի մասին է: Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել էր հայցը մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ ժ․ Ասատրյանի, Լ․ Գրիգորյանի, բավարարել է Ավինյանի հոր բողոքը՝  բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը և մերժելով հայցադիմումը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մարդկանց որևէ հանրույթ «խումբ» որակելու համար անհրաժեշտ է, որ այն ունենա առնվազն որոշակի ճանաչելիություն, հարաբերական նույնականություն, ներքին ընդհանուր հատկանիշ կամ սոցիալական ընկալման մակարդակում առանձին տարբերակելիություն։ Հայցվոր կողմը, սակայն, վերաքննիչ դատարանի որոշման հետ համաձայն չէ, պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել՝ նկատելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը, եթե օրինական ուժ ստանա, կարող է վտանգավոր նախադեպ դառնալ։

Գրիգոր Իսկանդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ վճռաբեկ բողոք, ամենայն հավանականությամբ, կներկայացվի, սակայն խնդիրն այն է, որ փաստորեն Տիգրան Ավինյանը՝ իր հոր՝ Արմեն Ավինյանի հետ, կարողացան հասնել վերաքննիչ դատարան և այնպես անել, որ դատարանն իրենց ուզած որոշումը կայացնի․

«Ենթադրում եմ՝ ինչ-որ լծակներ օգտագործելով։ Մենք էլ կփորձենք Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել, կարծում եմ՝ մոտ ժամանակներս կդիմենք։ Վերաքննիչ դատարանը, կարծում եմ, անարդար որոշում է կայացրել»։

Գրիգոր Իսկանդարյանը մտահոգված է, որ դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ և եթե ամեն բան այսպես անցնի և գնա, ապա կստացվի, որ դա նորմալ է, կարելի է ամեն բան անել, այս անգամ կարելի է Ավինյանի հորը՝ թիրախավորել «Օպելի» վարորդներին, մյուս անգամ՝ «Մերսեդեսի» վարորդներին կամ ավտոբուսով երթևեկող անձանց կամ երևանցիներին, հայաստանցիներին, էական չէ՝ ում։

«Խնդիրը խորքային է։ Եթե թողնենք, որ ամեն բան այսպես ուղղակի անցնի՝ գնա, կստացվի, որ մենք էլ, հասարակությունն էլ համաձայնում ենք այն մտքի հետ, ինչը հնչեցրել է Տիգրան Ավինյանի հայրը՝ «Օպելի» վարորդների վերաբերյալ։  

Ես ենթադրում եմ, որ ամեն ինչից անկախ՝ դատարանները պետք է փորձեն նաև դրա դեմն առնել, որ դա նախադեպային չդառնա, դա չդառնա նորմա ընդհանրապես՝ հասարակության համար,   որովհետև եթե դառնա նորմա, հետագայում ոչ միայն այս թրքահպատակ իշխանությունները, այլև՝ իրենցից հետո եկողներն էլ, էական չէ, թե ով կլինի, արդեն  լիգիտիմ իրավունք կունենան՝ այդպես ինչ-որ խմբերի թիրախավորելու, որը ես համարում եմ և՛ օրենքի, և՛ իրավունքի, և՛ բարոյականության տեսակետից սխալ»,- նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ, թեև վերաքննիչ դատարանը նշել է, որ Օպելի վարորդները խումբ չեն, միևնույն է, Արմեն Ավինյանը ոչ թե ընդհանրական ինչ-որ վարորդների մասին է խոսում, այլ՝ կոնկրետ «Օպելի» վարորդներին է ասում,  հետևաբար այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝  հետագայում կարող է ասել՝ որևէ «բառն այսպես օգտագործողները՝ այսպես, այսպես․․․» և այդկերպ թիրախավորել,  ինչը խնդրահարույց է և իրավունքի, և օրենքի տեսակետից։