կարևոր
538 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-24 12:03
Քաղաքական

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հետաքննությունն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի  և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։

Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով․

1. Մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրում։

2. Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։

3. Հանրային լսումներ՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։

4. Վերջնական զեկույցի հրապարակում։

5. Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ։

Խորհրդարանական հետաքննության աշխատանքներին  կարելի է հետևել սույն հղմամբ։

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

24 փետրվար 2026թ.