|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վահրամ ավագ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից մինչև Ս. Զատիկ ընկած շրջանը կոչվում է Մեծ Պահք, երբ հավատացյալ ժողովուրդը զերծ մնալով մարմնական վայելքներից ու մեղքերից, ժուժկալությամբ ու ապաշխարությամբ նախապատրաստվում է Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին:
Կարևոր են նկատվում թե՛ հոգևոր-բարոյական և թե՛ մարմնավոր պահեցողությունը:
Մեծ պահքը եկեղեցական հայրերն անվանել են նաև «Քառասնորդաց»` քառասուն օրերի պատճառով: Այս պահքն անվանվում է նաև «Աղուհաց», քանի որ նախկինում Մեծ Պահքի միակ կերակուր են եղել աղն ու հացը:
Հին և Նոր Կտակարաններում քառասնօրյա պահքի մասին բազում վկայություններ կան: Մովսեսը քառասուն օրեր շարունակ պահք պահեց և ապա ստացավ Աստծո օրենքը: Սակայն այս շրջանի հաստատումն առավելաբար կապվում է անապատում Քրիստոսի քառասնօրյա փորձության հետ, որի հետևությամբ և Եկեղեցու հայրերը սահմանեցին այս պահքը:
Պահեցողությունը լինում է երեք տեսակի` սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքին թույլատրելի են միայն բուսական ծագում ունեցող կերակուրները: Սրբապահքի ընթացքում հրաժարվում են նաև մարմինը գիրացնող բուսական կերակուրներից: Իսկ ծոմապահության դեպքում հրաժարվում են բոլոր կերակուրներից` անգամ հացից և ջրից:
Մեծ Պահքին եկեղեցիներում փակվում են վարագույրները` ի հիշատակ այն իրողության, որ մեղսագործությունից հետո Ադամն արտաքսվեց դրախտից և նրա առջև դռները փակվեցին: