Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը: Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Երեկվանից փակ են արդեն բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների վարագույրներն՝ ի նշան կորուսյալ դրախտի, և Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը: Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որ տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի առիթով.
«Սիրելի հավատավոր զավակներ,
Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք Մեծ Պահքին։ Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենք Աստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։
Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս, Աստծո արքայության ժառանգորդը լինելու շնորհը պարգևում, միտքն ազատում տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն։ Պահեցողությունը օգնում է մեզանում կատարելության նախանձախնդրությունը զորացնել, սեր և հաճություն տարածել առ մերձավորը, հաստատել բարիք ու խաղաղություն ընտանեկան կյանքում, շրջապատում և հասարակությունում։ Այսպիսի հոգեշահ իրագործումները ուժ են տալիս, որպեսզի զորանանք տերունապատվեր խոնարհության ու հեզության մեջ (Մատթ. 11.29), հեռու մնանք կամայականությունից և կատարենք մեր Տիրոջ և Փրկչի կամքը։
Յուրաքանչյուրս մեր կոչման ու ծառայության մեջ պետք է դրսևորենք այս բարի վարքը։ Ամենքս պահեցողության նախանձախնդրությամբ զերծ լինենք անձնակենտրոն նկրտումներից ու վնասակար ընթացքներից, գործենք ընդհանուրի բարիքի համար։ Ջանք ներդնենք՝ Քրիստոսավանդ պատվիրանների համաձայն ապրելու աստվածօրհնյալ մեր կյանքը, հաղթահարելու անարդարությունը, մխիթարություն բերելու վշտացյալներին, աջակցություն կարիքավորներին: Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը, հույսի լուսավոր շող, ցավի ամոքում, քանզի մեզ կոչում է լավատեսությամբ ներշնչվելու, քաջալերվելու, ավելի լավ իրականություն ստեղծելու, որտեղ մեղքի ու մահվան փոխարեն թագավորում են առաքինություններն ու աստվածահաճո կյանքը։
Աղոթենք միասին, որ մեր պահեցողությամբ ու ապաշխարությամբ Աստված մեզանից հեռացնի ամեն անկատարություն ու մեղսավոր ընթացք և խաղաղության, համերաշխության ու հոգևոր ուրախության մեջ հաստատի մեր կյանքը։ Հայցենք, որ արժանի լինենք Տիրոջ ամենառատ ողորմությանը և Փրկչի հրաշափառ Հարության տոնը դիմավորենք մաքուր սրտով ու հոգով։ Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և շնորհները լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։