|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպիսի գործնական քայլերով է հնարավոր Հայաստանում ապահովել շուրջ 300 հազար աշխատատեղ՝ հատկապես մարզերում։
Նրա խոսքով՝ շարժումն ունի արդյունաբերականացման ծրագիր, որի շրջանակում առաջարկվում է գրեթե բոլոր շրջաններում պետական մասնակցությամբ ներդրումներ կատարել և ստեղծել արտադրություններ ու գործարաններ։
Որպես օրինակ՝ Կարապետյանը ներկայացրել է Արարատի մարզի Ոստան գյուղում գործող սրբիչի գործարանը, որը հիմնվել է սփյուռքահայ Նազարյան ընտանիքի և «Տաշիր» խմբի ներդրմամբ։
«Սրբիչը հազարավոր այն ապրանքներից մեկն է, որը տարիներ շարունակ ներմուծվել է Թուրքիայից և այլ երկրներից։ Մենք ստեղծեցինք գործարան, որի արդյունքում այսօր Ոստան գյուղից 180 բնակիչ ունի աշխատանք»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ նախաձեռնության արդյունքում Հայաստան ներմուծվող սրբիչների քանակի գրեթե կեսն արդեն արտադրվում է հենց այդ գործարանում, իսկ հետագայում արտադրանքը սկսել է նաև արտահանվել՝ Ռուսաստանի Դաշնություն և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Նրա համոզմամբ՝ սա արդյունաբերականացման ամենախոսուն օրինակներից մեկն է, որը ցույց է տալիս՝ նույնիսկ փոքր մասնաբաժին ունեցող ապրանքների արտադրությամբ հնարավոր է ստեղծել աշխատատեղեր և զարգացնել տեղական տնտեսությունը։
«Եթե սրբիչի դեպքում սա հնարավոր է, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանում կարող են ստեղծվել հարյուրավոր նման արտադրություններ»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։