կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-29 13:05
Քաղաքական

Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ թիվ մեկ խնդիրը աշխատատեղ ստեղծելն է. Կարեն Կարապետյան

Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ թիվ մեկ խնդիրը աշխատատեղ ստեղծելն է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: 

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք:

2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան և Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են մոտ 4.7 մլրդ դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` մոտ 1.6 մլրդ. դրամ։ Վեցամսյա ժամանակահատվածում նախատեսված 614.7 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 697.5 մլն դրամ, կամ նախատեսվածի 113.5 տոկոսը։ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրվել է 10.2 մլն դրամով ավելի գումար, սեփական եկամուտների աճը կազմել է 17.2 տոկոս։ Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6.9 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որոնց 23.8 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, իսկ 76.2 տոկոսը՝ ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Դոնոր կազմակերպությունները գյուղատնտեսության ոլորտում իրականացրել են ավելի քան 2.3 մլրդ ներդրումային ծրագրեր ֆերմերային տնտեսություններին աջակցության, ներտնտեսային ոռոգման ցանցի և ջրամատակարարման համակարգի վերակառուցման նպատակով: Զեկուցվել է, որ 2017թ. հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 294,2 մլն դրամ, որի շրջանակում շինարարական աշխատանքներ են տարվում մարզի Կապան, Սիսիան, Սպանդարյան, Արավուս, Մեղրի համայնքներում: Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են ավելի քան 24.5 մլրդ դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բացի մարզերի անձնագրերով ներկայացված հայտանիշերից, առաջիկայում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացնելու է 11 հայտանիշ, որոնց միջոցով տվյալ մարզում արձանագրված ցուցանիշների հիման վրա գնահատվելու է մարզպետարանի աշխատանքը, մարզում առկա ընդհանուր իրավիճակը և այն համեմատվելու է այլ մարզերի ցուցանիշների հետ: Վարչապետն ընդգծել է, որ ներկա դրությամբ մարզերի և նույն հնարավորություններն ունեցող համայնքների միջև առկա են ֆինանսական և այլ անհամաչափություններ:

  Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների թվայնացումն ու գույքագրումը և ավելացրել, որ թվերը լինելու են հետագա գործունեության ուղեցույց: «Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է, ինչը մեկ շնչի նկատմամբ մեծ թիվ չի կազմում, սակայն դրա դիմաց մատուցվում է սկզբունքորեն որակյալ այլ ծառայություն: Վստահ եմ, որ ունենք ավելորդ ծախսերի մեծ ծավալ կամ ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեծ ներուժ: Դուք ունեք բավականին լուրջ ռեսուրսներ, որոնք կարող եք շատ ավելի նպատակային կառավարել: Օպտիմալացմամբ որևէ մեկը միջոցներ կրճատելու խնդիր չի դնում, բայց տեսնում ենք նաև, որ առօրյայում կառավարման մեջ ունենք բազմաթիվ ոչ հետևողական և ոչ համակարգված աշխատանք»,- դիմելով համայնքապետերին՝ ասել է Կարապետյանը: 


Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է.«Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր թիվ մեկ խնդիրը ներդրում ներգրավելն է, աշխատատեղ ստեղծելը, քանի որ սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխության առաջնային ցուցանիշը հենց դա է: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է փորձել կապեր ստեղծել այն մարդկանց հետ, որոնք դուրս են եկել սյունյաց աշխարհից և հաջողությունների հասել. նկատի ունեմ ոչ միայն գործարարներին, այլ նաև բժիշկներին, գիտնականներին, տնտեսագետներին, ներդրողներին, լրագրողներին»:

 Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է հստակ պատկերացնել ներքին կապիտալը, առկա ներուժը, այն ակտիվացնելու ուղղությամբ հետևողական քայլեր կատարել և ներդրումային հնարավորությունները պատշաճ ներկայացնել ներդրողներին: Վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում առկա է զարգացման մեծ ներուժ, կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը: «Ձևավորելու ենք հետաքրքիր միջավայր, որի շրջանակում մարզի համայնքների համար կստեղծվեն Իրանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ», - ընդգծել է գործադիրի ղեկավարը: