կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 15:16
Տնտեսական

Նոր ռազմավարական ծրագրով կառավարությունը նախատեսում է ստեղծել 60 հազար աշխատատեղ

Նոր ռազմավարական ծրագրով կառավարությունը նախատեսում է ստեղծել 60 հազար աշխատատեղ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր»-ը: Ծրագրի հիմնական ժամկետը 2014-2025 թվականներն են: Ծրագրի մշակման աշխատանքները սկսվել են 2011 թվականին, եւ սա ՀՀ ռազմավարական երրորդ երկարաժամկետ ծրագիրն է. լրագրողներին այսօր ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

 

Ծրագիրը 3 հիմնական նպատակներ ունի, որոնցից առաջինը եւ հիմնականը զբաղվածության ընդլայնումն է' որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Թիրախները, որոնք դրված են զբաղվածության ընդլայնման համար, բավականին հավակնոտ են' մինչեւ 2017 թվականը նախատեսվում է շուրջ 60 հազար նոր աշխատատեղերի ստեղծում:

 

«Մենք հույս ունենք, եւ ծրագիրը դրան է նպաստում նաեւ, որ էականորեն ընդլայնվելու է ֆորմալ զբաղվածությունը: Մենք հիմա խոսում ենք ոչ գյուղատնտեսական զբաղվածության մասին, եւ այս ծրագիրը առաջնային տեղ է տալիս ոչ գյուղատնտեսական զբաղվածությանը»,- նշեց նախարարը:

 

Ծրագրի երկրորդ հիմնական խնդիրը ՀՀ-ում շարունակաբար` սոցիալական եւ պետական եկամտային քաղաքականության միջոցով, աղքատությունը նվազեցնելն է: Ըստ նախարարի` նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանում աղքատությունը կիջնի 13 տոկոսից:

 

Ցուցանիշների երրորդ խմբին անդրադառնալով' Վահրամ Ավանեսյանը նշեց, որ դրանք վերաբերում են ոչ միայն ընդհանրական ցուցանիշներին, օրինակ` գործարար միջավայրի ցուցանիշներին, այնպես էլ ոլորտային ցուցանիշներին:

 

Ծրագրի ռիսկերի մասին խոսելով` նախարարը նշեց, որ ցանկացած ծրագիր, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական երկարաժամկետ ծրագրերին, պետք է դիտարկել անպայման որպես նպատակային ցուցանիշների եւ ոչ կանխատեսումների ծրագիր: Ուստի  ծրագրերում բացարձակ արժեքներով նշված թվերին հասնել երբեւէ չի հաջողվելու, քանի որ ակնկալիքը դա չէ, այլ այն, որ հնարավոր լինի ունենալ այնպիսի բազային սցենար, որի շուրջ հնարավոր լինի կառուցել քաղաքականությունները եւ միջոցառումների ու բյուջետային ծրագրերը:

 

«Իսկ ռիսկերի գնահատականն առանձնապես կարեւոր է, որպեսզի կարողանանք պատրաստ լինել հիմնական ռիսկերին եւ մեղմացնել դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա»,- ասաց Վահրամ Ավանեսյանը: