կարևոր
940 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-14 17:39
Իրավական

Ինչո՞ւ է Հայր Ասողիկը կանչվել հարցաքննության

Ինչո՞ւ է Հայր Ասողիկը կանչվել հարցաքննության

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին այսօր հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառով է նա կանչվել հարցաքննության։ ՔԿ-ից ևս այս հարցին պատասխան չտրվեց։

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Ըստ մամուլի «2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին»։

Այս տեղեկություններին ի պատասխան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:

Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների…։

Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը: