ՊՆ-ն հաստատում է Panorama.am-ում հրապարակված
տեղեկությունը, թե ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Գորիսի դեպքերի գործով, զինվորական դատախազի հանձնարարությամբ, կանչվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայություն` հարցաքննության:
Մինչդեռ, երբ
Yerkir.am-ի լրագրողը զանգահարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության մամլո քարտուղար Արման Մուսինյանին` ճշտելու լուրի իսկությունը, վերջինս հերքել է` ասելով, որ նման բան չկա, տեղեկությունն անհեթեթություն է: Նա նշեց նաև, որ
պատգամավորն այս պահին մասնակցում է ԱԺ հերթական քառօրյային և զարմացած է իր անվան հետ կապված տեղեկությունից:
Սակայն քիչ առաջ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի 11.06.2013թ. համարում «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ հոդվածում հրապարակվել է Civilnet ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս` անդրադառնալով 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. «Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»:
Գ.Ջհանգիրյանի կողմից ներկայացրած տեղեկատվության աղբյուրը և դրա ճշմարտացիությունը ստուգելու համար ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գ.Ջհանգիրյանին` 13.06.2013թ. ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժին կանչելու և գործով, որպես վկա, հարցաքննելու համար»: