կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 12:44
Քաղաքական

ՕԵԿ-ը քննադատեց կառավարության ծրագիրը` տնտեսության զարգացման երաշխիքներ չեն տեսնում

ՕԵԿ-ը քննադատեց կառավարության ծրագիրը` տնտեսության զարգացման երաշխիքներ չեն տեսնում

Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, խոսելով կառավարության ծրագրի մասին, առանձնացրեց մի քանի խնդիրներ, որոնք, նրա կարծիքով, առկա են ծրագրում կամ բխում են կառավարության ծրագրից: Նա ընդգծեց հինգ տոկոս տնտեսական աճի հարցը:

 

«Վարչապետն ասաց, որ հասարակության մի մասն իր վրա չի զգալու այդ աճի արդյունքները, բացի մի շարք կարևոր մոտեցումներից ու սոցիալական ծրագրերի գործարկումից: Ինչպե՞ս է ապահովվելու այդ հինգ տոկոս աճը, եթե նախորդ կառավարության ցավալի փորձը ցույց է տվել, որ յոթ տոկոս խոստացված աճի փոխարեն արձանագրվեց ընդամենը երեք տոկոս տնտեսական աճ: Ուրեմն որո՞նք են հիմքերը, որ կունենանք հինգ տոկոս տնտեսական աճ»,- ասաց Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ ևս մեկ խնդիր է հարուցում այն հանգամանքը, որ կառավարության ծրագիրը փոխկապակցված է 2014թ բյուջեի հետ:

 

Ըստ պատգամավորի` հավանաբար, յուրաքանյուր տարվա բյուջեի հետ կառավարության ծրագիրը պետք է փոխվի, ինչը հանգեցնելու է թե' անորոշության, թե' նոր խնդիրների: Մհեր Շահգելդյանի կարծիքով` խնդրահարույց են նաև նվազագույն աշխատավարձի և աղքատության նվազման տոկոսներին առնչվող հարցերը` արդյո՞ք իրատեսական է աղքատության նվազումը տասը տոկոսով:

 

«Աշխատատեղերի ապահովման հարցը կապված է աշխատուժի վերապատրաստման հետ, սակայն ծրագրում չկա դրա վերաբերյալ առաջարկ կամ մեխանիզմ: Այնինչ` դա երեք տարվա աշխատանքային ծրագիր պետք է լինի: Կա հիմքերի հիմքը ` անվտանգության ու պաշտպանության հարցերը, բայց դրանք փոխկապակցված են լինելու տնտեսության զարգացման հետ, բայց դրանց երաշխիքները չտեսա ծրագրում»,- ասաց Մհեր Շահգելդյանը:

 

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ կառավարության ծրագրում ներառված բարի ցանկությունները համահունչ չեն երկրում առկա խնդիրներին: Ըստ պատգամավորի` ամենակարևոր խնդիրը աշխատատեղերի խնդիրն է, և կառավարության պարտավորությունն է լուծել այն: Նա նշեց, որ կառավարության ծրագրում երկրորդ ամենակարևոր հարցը կուտակայինի հարցն է, որի այլընտրանքը անցումն է կամավոր բաղադրիչի: