|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
«Այս թեմային չէի մտածում անդրադառնալ, քանի որ ակնհայտ անհեթեթություն էր: Սակայն, փաստորեն, ԱԺ ամբիոնից խոսելու պատասխանատվությունն էլ մարդկանց չի ստիպում գոնե մի փաստաթուղթ բացեն, կարդան, նոր խոսեն, ստիպված եմ մի քանի պարզ բան ասել, որ հրապարակված և հասանելի է: Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանում ամրագրված է բուհերում անձեռնմխելի դրամագլուխների ձևավորման խնդիրը: Անձեռնմխելի դրամագլուխները բուհերի ֆինանսական ինքնավարության և կայունության ամենակարևոր գործիքներից են: Գրեթե բոլոր բուհերը դրա շրջանակներում ֆինանսական կառավարման գործիքներ են կիրառում՝ ձգտելով նախ առանձնացնել, հետո ամեն տարի մեծացնել անձեռնմխելի դրամագլուխը: Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը վերջին տարում այդ դրամագլուխը մեծացրել է շուրջ 200 մլն դրամով, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ շուրջ 100 մլն դրամով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ շուրջ 150 մլն դրամով: Սա տեղի է ունենում մի շարք եղանակներով, այդ թվում՝ միջոցները որպես ավանդ ներդնելու և դրա դիմաց տոկոսադրույքներ ստանալու եղանակով: Հիմա, ինչ է տեղի ունեցել մանկավարժական համալսարանում: 50 մլն ՀՀ դրամը, առանձնացվելով որպես անձեռնմխելի դրամագլուխ, ներդրվել է որպես ավանդ Ամերիա բանկում՝ տարեկան 9,75 տոկոս եկամտի հնարավորությամբ, որի պարագայում տարեկան սկզբնական գումարը կավելանա շուրջ 4,875 մլն դրամով: Քանի որ այդ որոշումն արդեն կայացվել է, մարտին արդեն համալսարանի 50 մլն ՀՀ դրամը կավելանա 4,875 մլն ՀՀ դրամով: Մանկավարժական համալսարանում իրավապահների կողմից բացահայտված խնդիրները կկարգավորվեն և կհաղթահարվեն, իսկ այ, ոմանց սակավագիտությունը՝ դժվար թե»:
Վերոնշյալ մտքերի հեղինակը (առաջին հայացքից տրամաբանական) ոչ այլ ոք է, քան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ երևույթին, տիկին Ժաննայի միտքը փայլատակել է երեկ ԱԺ-ում պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթից հետո, ով անդրադարձել էր մանկավարժական համալսարանի ձերբակալություններին:
Հիմա հերթականությամբ անդրադառնանք տիկին Ժաննայի արտաբերած մտքերի սնանկությանը:
1. Տիկին Ժաննան վկայակոչում է «ՀՀ կրթության մինչև մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը (նախարարը չգիտի՞ փաստաթղթի իրական անունը): Ըստ այդ փաստաթղթի՝ 2.1.7 կետի բուհերում պետական աջակցությամբ պետք է ձևավորվեն անձեռնմխելի դրամագլուխներ: Ընդ որում, անձեռնմխելի դրամագլուխներ ունեցող բուհերի մասնաբաժինը պետք է 2024 թ. լինի առնվազն 10%, իսկ 2026 թ.՝ առնվազն 20%: Այս գործողությունը Ժաննան ձախողել է, որին ավելի մանրամասն կանդրադառնանք ստորև:
2. Տիկին Ժաննայի գրածից երևում է, որ սույն նախարարը կաղում է ֆինասական գրագիտությունից, որն ընդունելի է իր մասնագիտական կրթությունից ելնելով, սակայն անընդունելի՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող միլիարդավոր դրամների կառավարման տեսանկյունից: Տիկին Ժաննան խառնում է «ավանդ և «անձեռնմխելի կապիտալ կամ դրամագլուխ» ֆինանսական տերմինները: Իսկ թե ինչու օգտագործեցինք «անձեռնմխելի կապիտալ» և ոչ թե նախարարի վկայակոչած «անձեռնմխելի դրամագլուխ» տերմինը, ապա դա շատ պարզ է: Իր վկայակոչած բուհերի մեծամասնությունը իրավաբանական կարգավիճակով հիմնադրամներ են և իրենց գործունեությունն իրակացնելիս պետք է առաջնորդվեն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով: Իսկ այս օրենքի 39.1 հոդվածը սահմանում է, որ հիմնադրամի անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձևավորվում կամ համալրվում է հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումից, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակից, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից այդ նպատակով տրամադրված միջոցներից, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտներից և չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:
Այժմ ներկայացնենք ավանդի՝ գոյություն ունեցող սահմանումներից թերևս ամենապարզը՝ ավանդը բանկերում դրամական միջոցների (կամ դրան համարժեքների) ներդրումն է: Տիկի՛ն Ժաննա, այս երկու տերմինների սահմանումները մի քանի անգամ ընթերցելուց հետո հաստատ կհասկանաք դրանց տարբերությունները:
3. Տիկին Ժաննան նշում է, որ գրեթե բոլոր բուհերն ունեն անձեռնմխելի կապիտալ (իր լեքսիկոնով՝ դրամագլուխ): Եվ որպես օրինակներ է բերում Երևանի պետական, տնտեսագիտական, պոլիտեխնիկական, ինչպես նաև իր ղեկավարած մանկավարժական համալսարանները, նշելով, որ դրանք վերջին տարում (քանի որ 2025 թ. դեռ չի ավարտվել, հասկանանք, որ խոսքը 2024-ի մասին է) 200, 100 և 150 միլիոն դրամներով ավելացրել են իրենց անձեռնմխելի կապիտալի չափը:
Այս սուտը բացահայտելու համար կից տեղադրում ենք Երևանի պետական, պոլիտեխնիկական, բժշկական, մանկավարժական, ագրարային, Բրյուսովի, ճարտարապետության և շինարարության համալսարանների ու ֆիզկուլտինստիտուտի 2024 թ գործունեության հաշվետվություններից քաղվածքներ, որոնցում հստակ երևում է, որ «Անձեռնմխելի կապիտալի չափը և «Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտ» տողերում զրոներ են: Տիկի՛ն Ժաննա , այս տեղեկատվությունը հասանելի է ՊԵԿ կայքում, կարող եք այցելել:
4. Տիկին ժաննան փորձում է մանկավարժականի ներդրած 50 միլիոն դրամ ավանդը ներկայացնել որպես անձեռնմխելի դրամագլուխ: Այս փաստը իրականության հետ որևէ աղերս չունի: Կից ներկայացնում ենք մամուլում առկա հոգաբարձուների խորհրդի՝ իր ստորագրած որոշումը մանկավարժականի 50 միլիոն դրամը ավանդադրելու վերաբերյալ: Ի դեպ, այդ որոշումը ևս բավականին անգրագետ է կազմված: Որոշման հիմք է ներկայացվել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն ընդհանրապես կապ չունի տիկին Ժաննայի ընդունած որոշման բովանդակության հետ:
5. Հանուն արդարության նշենք, որ մի ճշգրիտ դրվագ կա Ժաննա Անդրեասյանի գրածի մեջ․ 50 միլիոն դրամի 9.75 տոկոսը նա զարմանալիորեն ճիշտ է հաշվել:
Հ.գ. Հետագայում սակավամիտ պոռոտախոսությամբ զբաղվելուց խուսափելու համար, մի քանի անգամ հարկ է կարդալ նյութը:
Վ․ Սարգսյան