|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի նամակը կալանավայրից։
«Բռնաճնշումների` ինձ ազատությունից զրկելու օրերի ընթացքում, չեմ կարողացել իմ զորակցությունն ու երախտագիտությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, հանրապետության տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի հասած հայերին, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին շիրակցիների հետ միասին, պաշտպանում էին Գյումրին։
Սիրելի՛ հայրենակիցներ, դուք դրսևորեցիք հաստատակամ կամք` միասնական դիմադրությամբ և խաղաղ բողոքի իրացմամբ` քաղաքապետարանում ու քաղաքապետարանից դուրս։ Վարդանանց հրապարակում էլ` հայոց երկու սուրբ տաճարների զանգերի ներքո, դեմ արտահայտվեցիք վայրագություններին` Երևանից բերված ոստիկանական ուժերի ծեծին ու ջարդին:
Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի չորս կանանց` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամ լինելուց: Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների` շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է` առանց ընդհատումների, «non stop» ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները:
Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:
Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթ օրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացվի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: Ե՛վ հույս, և՛ հավատք, և՛ սեր»,– ասվում է նամակում։