Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրական միջոցառումները դարձել են միայն միջոցառում` առավոտից երեկո շնորհանդեսներ են, բայց այն լուրջ գիրքը, որ պետք է դրվի սեղանին, ըստ էության, չկա: yerkir.am-ի հետ զրույցում նամն կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նա նշեց, որ գրեթե ամեն շաբաթ գիտխորուհրդներում գրականության գծով ատենախոսություններ են պաշտպանվում, իսկ ատենախոսության առաջին պայմանը բերած նորությունն է, որը բացակայում է:
«Ո՞ւր են այդ ատենախոսությունները, որոնք պետք է գան ու գրականագիտական միտքը զարգացնեն: Չկան, որովհետև ոմանք արտագրում են, ոմանք փողով են գրել տալիս և մի խայտառակ կեղծիք էլ այդտեղ է կատարվում: Դժբախտաբար, ձևն եկել` բովանդակությանը ծածկել է: Շնորհանդեսներին ինձ հրավիրում են, գրքերը նվիրում են ու ասում` մի կարծիք հայտնիր: Դե արի ու բացատրիր, որ ոնց կարծիք հայտնես, եթե գիրքը դեռ չես կարդացել»,-ասում է Գասպարյանը:
Նա հիշեց, որ տարիներ առաջ գրքերի շնորհանդեսները բոլորովին այլ կերպ էին անցնում: Ավելին, այն ժամանակ ոչ թե շնորհանդես, այլ քննարկում էր կոչվում.«Հիշում եմ Համո Սահյանի գրքերից մեկի շնորհանդեսը. Գրողների միությունում էր, և դահլիճը լեփ-լեցուն էր: Գրականագետ Սուրեն Աղաբաբյանը զեկուցեց գրքի մասին, դահլիճից հարցեր տվեցին, քննարկում եղավ, բանավեճ ծավալվեց, այլ ոչ թե մեծարում, ճոխացում: Այն ժամանակ գիրքը նախապես կարդացած էինք գնում շնորհանդեսի, իսկ հիմա որ կանչում են, նշանակում է` արի, ինձ գովիր: Է, եղավ: Հիմա առանց գիրքը կարդալու էլ` գնում ու գովում են, հիմա գովողների մի ամբողջ խմբաքանակ կա»: