Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2016-ի նոյեմբերին լույս տեսավ Պարոնյանի անվան թատրոնում ամենաերկարն աշխատած Սերգեյ Առաքելյանի ստվարածավալ գիրքը, որի 700 էջում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75 տարիներն են ՝ դեմքերով ու իրադարձություններով:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը 75-ամյակը համարում է կարևոր ջրբաժան, որը նշեցին մեծ շուքով ու այսօր փորձում են ամուր հիմքի վրա կառուցել ներկան: 75-ամյա թատրոնի նոր շունչն ապահովում են երիտասարդ ռեժիսորները: Կարո Բալյանն այս օրերին բեմադրում է Շեքսպիրի՝ «Չափն ընդդեմ չափի» ստեղծագործությունը, Անուշ Սարգսյանն ամերիկյան կատակերգության վրա է «մտմտում», Հակոբ Ղազանչյանը՝ Գոգոլի «Ռևիզոր»-ի:
«Թատրոնի խաղացանկում այս պահին 22 ներկայացում կա, մեծ մասը՝ բավական երկարակյաց: «Ատամնաբույժն արևելյան»-ը խաղում ենք արդեն 17 տարի ու դեռ հետաքրքիր է հանդիսատեսին: Մեծ հաջողություն ունի Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրային քառանկյունին», Գուրգեն Խանջյանի պիեսներն են շատ սիրված: Դահլիճում նստած մարդը բեմում ճանաչում ու գտնում է իրեն, իր հարևանին, հարազատին, ու հենց դա է նրան բերում թատրոն»,- ասաց գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Նրա տեղեկացմամբ` Պարոնյանի անվան թատրոնն իր աշնանային խաղաշրջանը կսկսի սեպտեմբերի 13-ին` Աղասի Այվազյանի «Եղած- չեղած մի կյանք» պիեսի բեմադրությամբ՝ նվիրված Եղիշե Չարենցին (պիեսի բնագրային վերնագիրը՝ «Չարենցի ուղղիչ տունը»):
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարոնյանցիները ծանրաբեռնված կլինեն` երեք «կանգառ» ունեն Արարատի և Վայոց ձորի մարզերում: «Մշակութային կանգառ»-ի շրջանակում արդեն եղել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում:
«Մարզերում մարդիկ թատրոնի ծարավ ունեն: Ուսանողուհիներիցս մեկն իր դիպլոմային աշխատանքի համար գնաց գյուղ, հեքիաթ բեմադրեց: Վերադարձել ու լաց էր լինում: Ասում է՝ ի՜նչ տաղանդավոր երեխաներ կան, միանգամից շրջապատեցին ինձ, ծնողները գալիս, խնդրում էին՝ թող իմ երեխան էլ խաղա: Ի վերջո, մենք հոգևորի ժողովուրդ ենք: Դրա պահանջն ամենուր կա, հատկապես` շրջաններում: «Մշակութային կանգառ» ծրագիրը պետք է համակարգված ու շարունակական բնույթ կրի: Չի′ կարելի հայ մարդուն զրկել մշակույթից: Դա նրա կենսակերպն է»,- ասում է Ղազանչյանը:
«Մշակութային կանգառի» շրջանակում մարզային առաջիկա այցին Ղազանչյանը կմեկնի գրքերի մեծ կապոցով. թատրոնից զատ, գրքի պահանջ կա մարզերում: